«Գիլգամեշը» շատ լավ հաղորդագրություն է՝ ուղղված այն մարդկանց, ովքեր հատուկ ընտրված դիրքերից անում են ամեն ինչ, բացի աշխատանքից. Ռուդոլֆ Խառատյան
Վերջին ամիսներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ բորբոքված կրքերը, որ վերաբերում էին նորանշանակ գեղարվեստական գեղավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ստվերում են թողել թատրոնի բալետային կյանքի մանրամասները:
168.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ կյանքով է ապրում բալետային արվեստը, արդյո՞ք թատրոնի ներսում տարեվերջին սկիզբ առած ներստեղծագործական խնդիրները որևէ կերպ չեն անդրադարձել բալետային կյանքի բնականոն աշխատանքների վրա: Այս առնչությամբ տեղեկություններ ստանալու ակնկալիքով մենք զրուցեցինք թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:
Պարզվում է՝ բալետային կյանքն ապրում է ստեղծագործական բնականոն ընթացքով, ավելին՝ առաջիկայում նախատեսվում են նոր բեմադրություններ և հյուրախաղեր. «Ընթացիկ տարվա պլանների մասին խոսելիս՝ առաջին հերթին՝ ուզում եմ անդրադառնալ մեկ գործողությամբ բալետային ներկայացումների բեմադրման գաղափարին: Այս կոնտեքստում աշնանը նախատեսվում է մոտ 40 րոպե տևողությամբ «Լա Բոհեմ» բեմադրությունը, որը ներառում է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի լավագույն երգերը: Խրոնոլոգիական ընթացքով հավաքել եմ այն երգերը, որոնց օգնությամբ պետք է ցույց տանք երգչի անցած ճանապարհը, թե ինչպե՞ս է եկել քաղաք, դարձել մեծ երգիչ, ի՞նչ բախտորոշ հանդիպումներ է ունեցել ժամանակի հայտնիների հետ, ինչպե՞ս են նրանք ազդել Շառլ Ազնավուրի հետագա ստեղծագործական կյանքի վրա, և այլն: Բեմականացումը միջնորդավորված կերպով ցույց է տալիս երգչի կենսագրական ուղին, և կարևորն այստեղ իր երգերն են՝ ցուցադրված մեկ գործողությամբ բալետային ներկայացման այսօրվա լեզվով, որը կեզրափակվի երգչի «La bohême» կատարմամբ: Այստեղ ուզում եմ շեշտել՝ այսօրվա ժամանակակից լեզվով, ոչ թե մոդեռն, որովհետև դա բոլորովին այլ ուղղություն է, և հարկ է նշել, որ այստեղ՝ Հայաստանում, մոդեռն բալետի մասնագետներ չկան:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերը տեղեկացրեց, որ «Լա Բոհեմն» ունի նախադեպեր:
«Այս ոճում ես արդեն արել եմ՝ Cotan project-ի «La revancha del tango»-ն և «Bolero»-ն, որտեղ բոլոր մասնակիցները տղաներ են, և որը հիմնված է fibonacci հաճախականության վրա: Սա համարյա նույն ֆորմատի մի բան է, որն այս անգամ կլինի ֆրանսիական ֆլեյվեր»,- ասաց Ռ. Խառատյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ բալետմայստերը նշեց, որ ընթացքի մեջ են նաև «Անուշ» բալետի բեմականացման աշխատանքները.
«Մյուս բալետը, որի մասին մտածում եմ, «Անուշն» է, որը, սակայն, ոչ մի կապ չունի Տիգրանյանի «Անուշի» հետ: Շատ տարիներ առաջ՝ 80-ականներին, սա արդեն արել եմ՝ օգտագործելով ժողովրդական գործիքներ, օրինակ՝ դուդուկը: Այն ժամանակ նույնիսկ ինձ քննադատեցին՝ ասելով, թե՝ ամոթ չէ՞, որ բալետի մեջ դուդուկ հնչի: Դա, իհարկե, ծիծաղելի քննադատություն էր: Միայն հետո, տարիներ անց Փիթեր Գաբրիելի ֆիլմից հետո դուդուկը դարձավ շատ հանրահայտ և մոդայիկ երաժշտական գործիք: Հիմա ես ուզում եմ այս ներկայացումը նորովի բեմադրվի՝ վերանայելով խորեոգրաֆիան:
Նախորդ տարբերակում ներկայացման շեշտը շատ հայկական էր, այստեղ ուզում եմ նոր կոնտրաստ ստեղծեմ՝ ժամանակակից բալետի և հայկական ազգային նվագախմբերի մասնակցությամբ՝ զուռնայի, դհոլի, դուդուկի մասնակցությամբ, և այլն: Հիմա աշխատում եմ ինձ համար շատ կարևոր մի գործի՝ «Գիլգամեշ» էպոսի մոտիվներով բեմադրվելիք նոր ներկայացման վրա: Այստեղ ուզում եմ շեշտել այն հայկականությունը, հայկական կապը, որ Գիլգամեշն ունեցել է հայերի հետ, երբ էպոսի վերջում գալիս է Մասիս (Մաշու) սարի տակ և հանդիպում է Նոյին, որն Աստծուց ստացել էր հավերժ ապրելու շնորհը, ու հայտնում է նրան, որ ինքը ևս կուզենար հավերժ ապրել, աստվածանալ, բայց Նոյն իրեն պատասխանում է, որ դա իրեն ի վերուստ տրված չէ, և ինքը հավերժ կարող է ապրել միայն սեփական գործերի միջոցով՝ շեշտելով այն միտքը, որ դու հավերժանալ կարող ես միայն քո կատարած աշխատանքով»:
168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք սա յուրահատուկ հաղորդագրություն չէ, որ բալետմայստերն ուզում է հղել բեմից, վերջինս պատասխանեց. «Այո, և շատ լավ հաղորդագրություն՝ ուղղված այն մարդկանց, ովքեր հատուկ ընտրված դիրքերից անում են ամեն ինչ, բացի աշխատանքից: Բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե ամեն մարդ իր տեղում զբաղվի իր գործով»:
Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց նաև, որ իր կողմից բեմադրված «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացումն ընթացիկ տարվա հուլիսի 1-4-ը կցուցադրվի Վիեննայի Շտատսօպերայում (Wiener Staastoper):
Լուսանկարները՝ Ռուդոլֆ Խառատյանի ֆեյսբուքյան էջից