«ճիտին պարտքը». ինչո՞ւ չեն վճարում նաիրիտցիների աշխատավարձը

Նախորդ շաբաթ Ազգային ժողովի նիստում՝ ի պատասխան պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրման, թե արդյոք նաիրիտցիների հանդեպ բոլոր պարտավորությունները մարվե՞լ են, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե «Նաիրիտի» աշխատակիցների նկատմամբ որևէ պարտավորություն չկա»:

Սակայն նախարարի այս խոսքն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: «168 Ժամի» խմբագրություն է դիմել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը, ով մինչ օրս չի կարողանում ստանալ իր աշխատավարձի պարտքը:
Կարեն Հակոբյանը գործարանում աշխատել է 6 տարի (2008 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. նոյեմբեր), զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ սարքավորումների կոմպլեկտավորման բաժնի գլխավոր մասնագետ, գլխավոր մեխանիկի տեղակալ, վերակառուցման տնօրինության սարքավորումների և նյութերի համալրման բաժնի գլխավոր մասնագետ: Այսօր «Նաիրիտը» Կ.Հակոբյանին պարտք է 1.5 տարվա աշխատավարձ՝ դեռ չհաշված տոկոսները:

Մինչ նաիրիտցիները բողոքի ցույցեր էին անում և պահանջում իրենց գումարները, Կ.Հակոբյանը 2014 թ. դեկտեմբերի 1-ին դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ նախկին աշխատատեղում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի, ինչպես նաև՝ չվճարված աշխատավարձի ու հաշվարկված տույժերի բռնագանձման պահանջով (ԵՇԴ/4259/02/14, դատավոր Իշխան Բարսեղյան):

Մեզ հետ զրույցում Կ.Հակոբյանը նշեց, որ 7 ամիս տևած դատական գործընթացի ժամանակ ոչ մի անգամ «Նաիրիտի» ներկայացուցիչները չեն մասնակցել նիստերին, միայն գրավոր առարկություններ են ներկայացրել, և անգամ չեն մասնակցել վերաքննիչ դատարանում գործի քննությանը, թեև հենց գործարանն էր բողոքարկել առաջին ատյանի վճիռը: Դատարանը Կ.Հակոբյանի հայցը բավարարել է մասնակիորեն և վճռել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից հօգուտ Կարեն Հակոբյանի պետք է բռնագանձել ամբողջ աշխատավարձի պարտքն ու տույժերը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժվել է՝ հասկանալի պատճառներով: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն պետք է կատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:

«Երբ վարչապետը հունիս-հուլիսին որոշեց, որ 2015 թ. օգոստոսի 1-ից պետք է ամբողջությամբ փակել «Նաիրիտի» աշխատավարձերի պարտքը՝ առանց տոկոսների, թեև ես համաձայն չէի հրաժարվել տոկոսներից, բայց ինչ-ինչ պատճառներով որոշեցի գնալ դրան: Սակայն իրենց տված մայր գումարը չի համապատասխանել դատարանի վճռի գումարին, տարբերությունը մոտ 2 անգամ էր: Ինչքան փորձեցի «Նաիրիտ գործարանի» տնօրենին բացատրել, որ ես չեմ հնարել այդ թիվը, դատարանն է որոշել, օգուտ չեղավ, ինձ մերժեցին և ուղարկեցին ԴԱՀԿ»,- ասաց Կ.Հակոբյանը:

Բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, համենայն դեպս՝ պետք է այդպես լինի: Սակայն մի նուրբ մանրուք կա. մինչ օրս ԴԱՀԿ-ն սառեցրել է գործընթացը, ու Կ.Հակոբյանը ոչ մի ձևով չի կարողանում ստանալ իր գումարը: Խնդիրն այն է, որ քանի դեռ տվյալ կազմակերպության դեմ դատական գործընթաց կա, ԴԱՀԿ-ն իրավունք չունի որևէ քայլ ձեռնարկել: Իսկ ներկայումս շարունակվում է «Նաիրիտի» դեմ ՀԷՑ-ի հայցապահանջի քննությունը, որի նիստերն անվերջ հետաձգվում են: Ստացվում է աբսուրդային իրավիճակ, որ անգամ դատական վճռի առկայության պայմաններում քաղաքացին ստիպված է սպասել իր օրինական գումարներին, մինչդեռ իր նախկին գործընկերներն արդեն ստացել են իրենց պարտքը: Թե ինչպե՞ս է ստացվել, որ «Նաիրիտ Գործարանի» աշխատակիցների աշխատավարձերը վճարող ղեկավարների հաշվարկներով այլ թիվ է ստացվում պարտքի չափը, հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ո՞ւր են գնացել աշխատավարձերի թերվճարումների արդյունքում «խնայված» գումարները:

Կ.Հակոբյանը նշեց, որ բազմիցս դիմել է վարչապետին և Էներգետիկայի նախարարություն, սակայն բոլոր պատասխան նամակները վերջանում են նույն կերպ՝ դիմեք ԴԱՀԿ: Կ.Հակոբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ով իր հերթին՝ դիմել է Էներգետիկայի նախարարություն և ստացել նույնանման պատասխան, ինչ տրվել էր Կ.Հակոբյանին՝ սպասեք ԴԱՀԿ-ին: 2015 թ. դեկտեմբերի 28-ին Հակոբյանը ստացել է ՄԻՊ պատասխանը:

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) արդյունքում խախտվել են Կարեն Հակոբյանի իրավունքները»,- գրված է ՄԻՊ նամակում, որում նաև նախարարությանն առաջարկվում է ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Կարեն Հակոբյանի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը դատական ակտով սահմանված գումարի չափով: Նախարարությունից ոչ մի պատասխան չի եկել ՄԻՊ-ի գրությանը:

«Ինձ շտապ է հարկավոր այդ գումարը, իմ 3 երեխաները սովորում են պետական բուհերում և չեն կարողանում վճարել ուսման վարձը, քանի որ սովորում են ստացիոնար և չեն կարող աշխատել, իսկ ծնողը՝ ես, ունենալով բազում թղթեր, չեմ կարող մտնել Բրյուսովի կամ Բժշկական համալսարանի ռեկտորների մոտ ու պահանջել հետաձգել վճարումը: Անհասկանալի, կոլապսային իրավիճակ է, որ պետությունն է ինձ պարտք, բայց չի տալիս, իսկ երեխաներիս կրթության համար ես եմ պարտք, որ եթե չվճարեմ, նրանք դուրս կմնան բուհից: Նույնն է նաև էլեկտրաէներգիայի, կոմունալ մյուս ծախսերի հետ կապված՝ չվճարելու դեպքում անջատում են և չեն հարցնում պատճառները: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ցեղասպանություն»,- ասաց Կ.Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իր որդին հունվարի 30-ին է վերադարձել բանակից. «Մեր ընտանիքը չափազանց հայրենասեր է, և հասկանում էինք, որ մեր զավակը պետք է ծառայի: «Հայրենիք» և «հայրենասիրություն» բառերի արմատը «հայր»-ն է, բայց ինչպե՞ս կարելի է երեխային հայրենասիրություն ներարկել, երբ հայրենիքին պարտքը տալուց հետո նա վերադառնում է ու տեսնում, որ իր հոր իրավունքներն այդ 2 տարիներին ոտնահարվում են: Նավում որևէ միջադեպի համար պատասխանատու են նավապետներն ու բոցմանները, ոչ թե հասարակ նավաստիները: Ինչո՞ւ պետք է ես՝ որպես նավաստի, տուժեմ, եթե ժամանակին «Ռայնովիլի» ու «Նաիրիտի» ղեկավարության պատճառով է գործարանը սուզվել: Ինչո՞ւ այսօր իմ ընտանիքն ու իմ ուսանող երեխաները պետք է զրկված լինեն իրենց սահմանադրական իրավունքից՝ սովորել պետական համալսարաններում»:
Ի դեպ, Կ.Հակոբյանը քիմիական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Տեր-Հակոբյանի թոռն է, ով Կիրովի անվան քիմիական կոմբինատի հիմնադիրներից մեկն է եղել և առաջինն է ստացել սինթետիկ կաուչուկ: Կիրովի կոմբինատի հիման վրա էլ ստեղծվել է «Նաիրիտը»:

«Գոնե նրա թոռին չփորձեն «քցել»: Կեսարինը տվեք Կեսարին: Աշխարհում շատերը Հայաստանը ճանաչում են հայկական կոնյակով, բայց արտադրական շրջանակները Հայաստանը ճանաչել են «Նաիրիտով»: Ես իմ աշխատավարձը որ ստանամ, չեմ տանելու օֆշորային գոտում թաղեմ, կամ գերթանկարժեք ավոտմեքենա գնեմ, այլ պետք է աջ ձեռքով վերցնեմ ու ձախով վերադարձնեմ պետությանը՝ որպես 3 երեխայի ուսման վարձ: Այժմ գործարանի հարցեր են լուծում մարդիկ, ովքեր մինչև վերջերս չգիտեին, թե որտեղ է գտնվում «Նաիրիտը» Երևանի քարտեզի վրա, իսկ հիմնադիրներից մեկի ժառանգն այսօր չի կարողանում ստանալ իր վաստակն ու վճարել երեխաների ուսման վարձը»,- նշեց Կ.Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս