Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը հռչակագիր են ընդունել
Փետրվարի 12-ին պատմության մեջ առաջին անգամ կայացել է Ռուս ուղղափառ եկեղեցու ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հանդիպումը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպումն անվանել են «եղբայրական»: Զրույցի արդյունքները վկայում են, որ երկու եկեղեցիների ղեկավարները կարող են համատեղ գործել՝ պաշտպանելով քրիստոնյաներին, ասել է ռուս պատրիարքը:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է 10 էջանոց հռչակագիր՝ բաղկացած 30 կետից: Դրանում արծարծվել են բազմաթիվ թեմաներ՝ Ուկրաինայի կոնֆլիկտը, Մերձավոր արևելքում քրիստոնյաների հալածանքները, միասեռական ամուսնությունների, աբորտների, էվթանազիայի հարցերը, հայտնում է TASS-ը:
Վատիկանի ու Մոսկվայի պատրիարքարանի գնահատմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը կազմակերպելու համար շուրջ 2 տարվա բանակցություններ են պահանջվել: Վատիկանի աղբյուրները հայտնել են, որ վերջնական որոշումը կայացվել է 2015 թվականի աշնանը: Այդ ժամանակից ի վեր ինչպես Հռոմում, այնպես էլ Մոսկվայում լռել են կայանալիք հանդիպման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հռչակագրում իր տեղն է գտել նաև Ուկրաինայի մասին դրույթ: Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը կոչ են արել դիմել խաղաղության հաստատմանն ու սոցիալական համերաշխությանն ուղղված գործողությունների: Փաստաթղթի հիմնական դրույթները, սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էին, վերաբերել են Մերձավոր արևելքին:
«Մենք շտապ դիմում ենք բոլոր կողմերին, որոնք կարող են ներգրավված լինել Սիրիայի կոնֆլիկտում, որ նրանք ցուցաբերեն բարի կամք ու նստեն բանակցային սեղանի շուրջ»,- ասվում է հռչակագրում:
Հռչակագրում տեղ են գտել նաև ավանդական արժեքներին նվիրված դրույթներ: «Ընտանիքը հիմնվում է ամուսնության վրա, տղամարդու ու կնոջ ազատ ու հավատարիմ սիրո վրա»,- եզրակացրել են Հռոմի պապն ու ռուս պատրիարքը:
«Մենք ունենք միևնույն հավատը ու մենք որոնում էինք միևնույն ուղին: Մենք շատ անկեղծ ենք եղել»,- հանդիպման վերջում ասել է Հռոմի պապը:
Հանդիպումից հետո Ֆրանցիսկոսն ուղևորվել է Մեքսիկա: