Հրամայված է չզոհվել
hayzinvor.am-ը գրում է. «Փոխգնդապետ Սամվել Մովսիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ձեռագիր թղթերը դրել եմ սեղանիս ու կարդում եմ փոխգնդապետ Սամվել Մովսիսյանի կենսագրությունը:
Դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով, օդադեսանտային ինստիտուտը՝ ոսկե մեդալով, եղել է ազգային խմբի ավագը… և այսպես շարունակ մինչ օրս՝ հաջողություններ, ձեռքբերումներ, տիտղոսներ… Անկեղծ ասած, ինձ առանձնապես չեն ոգևորում նման օրինակելի կենսագրությունները, ու ես նորից եմ տնտղում թղթերը՝ ուշագրավ մի բան գտնելու հույսով: Հանկարծ նկատում եմ մի կարճ նախադասություն՝ 12 տարեկանից զբաղվել է ձեռնամարտով, հետո՝ երկու անընթեռնելի բառ ու՝ սառը զենքի տեսակներով, եղել է Հայաստանի չեմպիոն:
Ես միանգամից խանդավառվում եմ: Ավելին, ես գրեթե վստահ եմ, որ հենց ձեռնամարտն ու սառը զենքի տեսակներն են բացահայտելու իր կյանքի բոլոր փուլերը ոսկե մեդալով ավարտած հետախույզի ներքին դրամատիզմն ու խորքերը, կենսափիլիսոփայությունն ու, ինչպես Ֆրոյդը կասեր, վարքի մոտիվացիան:
Փոխգնդապետը նստել է իմ դիմաց ու փափուկ ժպտում է.
-Ո՞վ է հաղթում ռինգում,- հարցնում եմ առանց նախաբանի:
Նրա լայնաշուրթ ժպիտը վկայում է, որ հարցից անակնկալի չեկավ:
– Կյանքը ռինգ է,- բանաձևում է փոխգնդապետը մտորելով, – և՛ կյանքում, և՛ ռինգում հաղթում է նա, ով ավելի ճարպիկ է, շրջահայաց, խելացի: Ով կարողանում է գուշակել հակառակորդի ծածուկ մտադրությունները: Ով հարվածում է ճիշտ պահին, ճիշտ կետի:
Իմ մարմնով սարսուռ է անցնում. ով հարվածում է ճիշտ պահին, ճիշտ կետի՝ կրկնում եմ մտքումս.
– Իսկ անձնվիրությո՞ւնը, քաջությո՞ւնը, վեհանձնությո՞ւնը,- սա արդեն բարձրաձայն եմ ասում: Նայում է սևեռուն.
– Մի անգամ հակառակորդիս (ռուս տղա էր) նոկաուտի ենթարկեցի: Կարող էի երկրորդ անգամ հարվածել ու ծափերի արժանանալ, ապացուցել, որ անհամեմատ ուժեղ եմ, հաստատել իմ բացահայտ գերազանցությունը: Բայց գլխի շարժումով նշան արեցի հակառակորդիս մարզիչին, որ դադարեցնի մարտը, մարզիչը հասկացավ՝ սպիտակ սրբիչ նետեց: Սա արդեն իմ կանոնն է, իմ խղճի օրենքը: Սա ինձ համար ավելի կարևոր է, քան բոլոր հաղթանակները միասին վերցրած:
…Նա սպա է: Նա մարդ է, որ ապրում է կյանքի ու մահվան սահմանագծին: Նա պաշտպանում է մեզ հակառակորդի անակնկալ ներխուժումից, նա պատժում է թշնամուն՝ մեր հողը մտնելու ու մեր զինվորներին վնասելու համար: Բայց ինձ զգուշացրել են՝ ավելորդ հարցեր չտալ…
-…Ռինգը սովորեցնում է միշտ զգոն լինել, որովհետև հակառակորդը կարող է օգտվել քո ամենաաննշան վրիպումից ու հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ դու ուժեղ ես իրենից,- շարունակում է զինվորականը:- Մի անգամ ես վստահ էի, որ կհաղթեմ ու մի քանի վայրկյան թուլացա, և այդ մի քանի վայրկյանը բավական էր, որ հակառակորդս տոնի իր հաղթանակը: Այդ մի քանի վայրկյանը ես հաճախ եմ հիշում մարտական առաջադրանք կատարելիս, երբ հաղթանակի ու պարտության նժարին մարդկային կյանքեր են դրված:
Ես ուզում եմ հարցնել, թե ինչ է նա՝ զինվորականը զգում մարտական առաջադրանքը կատարելուց առաջ, բայց հարցս այսպես է հնչում՝ իսկ ի՞նչ եք զգում մարտից առաջ….
-Ռինգը սովորեցնում է սեփական ուժերը տնտղել մինչև մարտը, ծանրութեթև անել, բայց ռինգ մտնելուց հետո պիտի աներկբա հավատաս, որ ուժեղը դու ես ու հաղթելու ես: Վախը կարող է սպանել անգամ ամենաուժեղ մարդուն:
-Ուժեղը չի վախենում, -ասում ես, բայց մտքերով ուրիշ տեղ եմ: Ես տեսել եմ, թե ինչ գնով են կատարում մեր տղաները մարտական առաջադրանքը: Ես հիշում եմ Սարգիսին, որ նման մի առաջադրանք կատարելիս զրկվեց երեք վերջույթներից:
-Ուժեղ է նա, ով չի վախենում,- ասում է Սամվելը:
Հանկարծ հակառակորդ ու թշնամի բառերը նյութականանում են, մարմին առնում, մոտենում… Այնքան են մոտենում, որ մի պահ նույնիսկ վախենում եմ: Ասես՝ ուր որ է մարտական առաջադրանք կատարելու հրաման եմ ստանալու… ու թշնամին վերացական ատելությունից, վերացական վտանգից դառնալու է մարդ, որը տրոփող սիրտ ունի ու նշան է բռնել քո կամ ընկերոջդ սրտին…
-Ռինգում թշնամի չկա, ռինգում դու չափում ես ուժերդ հակառակորդի հետ, դու մրցում ես, դու չես ուզում ոչնչացնել հակառակորդիդ, չես ուզում սպանել նրան, իսկ թշնամու դեմ պայքարում դու սպանվում ես կամ սպանում:
-Դժվար չէ՞ այդպես ապրելը, դուք էլ բոլորիս պես մի կյանք ունեք,- ես մոռանում եմ, որ սա հարցազրույց է, որ ես պարտավոր եմ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ տոգորված տեքստ հրապարակել….
-Մարդու մի տեսակ կա՝ չի ասում՝ ինչո՞ւ հենց ես, ասում է՝ ո՞վ, եթե ոչ ես:
-Եվ ծափահարող էլ չկա, ես նույնիսկ չգիտեմ՝ թույլ կտա՞ն Ձեր նկարը հրապարակել թերթում՝ ինչ-որ բանով վարձահատույց լինել:
Ժպտում է ու վանկարկում՝ վարձահատույց….
-Ինձ համար մի վարձատրություն կա միայն՝ երբ գործողությունն ավարտվում է, և ոչ ոք խմբից չի պակասում:
-Ասում են՝ խմբում աղջիկներ կան…
-Կան. ես դեմ եմ, որ աղջիկները հետախույզ կամ դիպուկահար դառնան, դա իմ անձնական վերաբերմունքն է, բայց նրանք տղամարդկանց նման անթերի կատարում են մարտական առաջադրանքը, հետո գնում են տուն, դառնում սովորական կին, մայր, քույր….
…Ես հատուկ նշանակության պատրաստություն եմ անցել աշխարհի տարբեր երկրների դպրոցներում, ծանոթ եմ տարբեր երկրների հատուկ նշանակության զորքերին, ոչ ոք չունի մեր զինվորի քաջությունը, ռազմական տաղանդն ու պատասխանատվությունը:
-Դժվա՞ր է մահվան հետ հանդիպման գնալը,- նորից եմ հարցնում ես, ու մտածում՝ ինչ լավ է, որ տղամարդ չեմ ծնվել:
-Ավելի դժվար է մահվան հետ հանդիպման ուղարկելը,- պատասխանում է հրամանատարը:
Ու հիշում եմ փոխգնդապետ Սամվել Մովսիսյանի զինվորներից մեկին, որը պատմում էր իրենց զորամասից, մարտական ընկերներից, հրամանատարներից: Ես հիշում եմ նրա փայլող աչքերը, երբ ասում էր՝ Սամվել Մովսիսյանը զինվորի թիկունքին է հոր պես, ընկերոջ, հարազատի: Վստահ ես, որ նա քեզ մենակ չի թողնի… Հրամանատարը չի թողնի, որ զոհվես:
-Ձեր զինվորները վստահ են՝ Դուք չեք թողնի, որ զոհվեն…
Հրամանատարը ժպտում է ուրախ-տխուր.
-Բոլորիս է հրամայված՝ չզոհվե՛լ: Մենք հատուկ նշանակության պատրաստություն ենք անցնում ամենաբարձր մակարդակով, իսկ դա մարտական առաջադրանքը պատվով կատարելու առաջին պայմանն է: Մեր ձեռքբերումները…
Փոխգնդապետը հատիկ-հատիկ նշում է իր անձնակազմի՝ սպաների ու զինվորների բոլոր ձեռքբերումները: Իսկ գիտեք՝ ի՞նչ է նշանակում ձեռքբերում հատուկ նշանակության զորքի համար. դրանք թշնամու ձախողված հատուկ գործողություններն են, որոնք կարող էին տասնյակ մարդկային կյանքեր խլել, դրանք թշնամուն իր բնում սաստող պատժիչ գործողություններն են… մեր առօրյա անդորրն է, մեր խաղաղ քունը, ապրելու մեր իրավունքը:
Ես պարտավոր եմ վեհ ու պաթետիկ վերջաբան գրել այս հոդվածի համար՝ ռազմահայրենասիրական դաստիարակության ոգով: Բայց չեմ ուզում: Ես ուզում եմ, որ ամեն օր քնելուց առաջ մենք հիշենք այն հարյուրավոր զինվորների ու սպաների մասին, որոնց հրամայված է չզոհվել, որոնց կյանքը մարտական առաջադրանք է ու գործողություն…Հիշենք այն մարդկանց, որոնք մի ամբողջ կյանք ապրում են հաղթել-պարտվելու ճամփաբաժանին: Ու այն միտքը, որ մեզ տրված խաղաղության համար ինչ-որ մեկը համաձայնել է վճարել կանքով, գուցե մեզ ստիպի ավելի շատ գնահատել մեր խաղաղությունն ու ավելի պատասխանատու լինել մեր հայրենիքի ճակատագրի համար»: