
Աշխարհի լավագույն ռեստորանատերը կարող էր ինքնասպան լինել խաբեբայի պատճառով. ԶԼՄ-ներ

Աշխարհի լավագույն խոհարար Բենուա Վիոլյեն, որն ինքնասպան էր եղել հունվարի վերջին, կարող էր լինել խաբեբա գինեվաճառի զոհը, հայտնում է շվեյցարական ֆինանսական Bilan ամսագիրը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի շեֆ-խոհարար Բենուա Վիոլյեն, որի ռեստորանը 2015 թվականի դեկտեմբերին ճանաչվել էր աշխարհում լավագույնը, մահացած էր հայտնաբերվել հունվարի 31-ին սեփական տանը: Նախնական տվյալներով՝ 44-ամյա տղամարդն ինքնասպան էր եղել գնդակահարության միջոցով: Վիոլյեն Շվեյցարիայի Լոզան քաղաքից ոչ հեռու գտնվող l’Hotel de Ville ռեստորանի սեփականատերն էր:
Ռեստորանն ստացել էր 3 միշլենյան աստղ ու անցած տարի գլխավորել աշխարհի 1000 լավագույն ռեստորանների ցանկը Ֆրանսիայի արտգործնախարարության վարկածով:
Ամսագրի տվյալով՝ հայտնի խոհարարի ինքնասպանությունից 2 շաբաթ առաջ բանտից դուրս է եկել ոմն Վ-ն, որը մի քանի ամիս բանտում անցկացրել էր ֆինանսական չարաշահումների մեղադրանքով: Տղամարդը, լինելով Սյոնի Private Finance Partners ընկերության ղեկավարը, կիրառել է ֆինանսական «բուրգ»՝ թանկարժեք գինու 1 շիշը վաճառելով միանգամից մի քանի գնորդի, այդ թվում՝ Վիոլյեին:
Լրագրողի գնահատմամբ՝ հայտնի խոհարարի ռեստորանը գործարքի հետևանքով կորցրել է 800 հազարից մինչև 2 միլիոն շվեյցարական ֆրանկ:
Նշենք, որ 6 ամիս առաջ մահացել էր l’Hotel de Ville-ի նախորդ շեֆ-խոհարարը՝ Ֆիլիպ Ռոշան: Ռոշան, որը Եվրոպայի ամենահայտնի խոհարարներից էր, մահացել էր 2015թ. հուլիսի 8-ին հեծանվային զբոսանքի ժամանակ: