Բաժիններ՝

«Օսկար», թե՞ «Էմիլիո». ով է կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» կոչել

Մինչ համաշխարհային կինոմանների հայացքն ուղղված է դեպի փետրվարի 28-ը, երբ հայտնի կդառնան «Օսկար»-ի մրցանակակիրները, քչերն են տեղյակ, որ կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» է կոչել մի գրադարանավարուհի, թեև դերասանուհի Բեթ Դեվիսը ևս լուրջ հավակնություններ ունի այդ հարցում: Առաջին անգամ «Օսկար» բառը գործածվել է 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

1928 թվականին «Մետրո Գոլդվին Մայեր»-ի ղեկավար Լուիս Մայերը քանդակագործ Ջորջ Սթենլիին և «Մետրո Գոլդվին Մայեր»-ի գեղարար Սեդրիկ Գիբսոնին հանձնարարում է ստեղծել կինոակադեմիայի մրցանակը: Սեդրիկ Գիբսոնը որպես մոդել ընտրում է մեքսիկացի դերասան և սցենարիստ Էմիլիո Ֆերնանդեսին, ով սկզբում չէր ցանկանում լինել բնորդի կերպարում: Նրան վերջ ի վերջո համոզում են հանդես գալ որպես արձանիկի բնորդ, որը հետագայում ստանում է «Օսկար» անունը:

Դերասանուհի Բեթ Դեվիսը բազմիցս նշել է, որ ինքն առաջինն է արձանիկը «Օսկար» անվանել, քա նի որ այն հիշեցրել է իր ամուսնուն՝ Հարմոն Օսկար Նելսոնին:

Գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիքը, ով ավելի ուշ ստանձնել էր ակադեմիայի գործադիր քարտուղարի լիազորությունները, պատմում է, որ 1931 թվականին, առաջին իսկ աշխատանքային օրը, երբ նա վերցրեց արձանիկը և ուշադիր զննեց, այն իրեն հիշեցրեց իր քեռի Օսկարին և նա բացականչեց. «Այս արձանիկը նման է իմ քեռի Օսկարին»: Օսկար Պիրսը իրականում նրա քեռին չէր, ըստ էության, նա եղել է Մարգարեթի երկրորդ զարմիկը:

Այնուհետև հոդվածագիր Սիդնի Սկոլսկին իր թերթում գրել է. «Ակադեմիայի կոլեկտիվը հայտնի արձանիկը ջերմորեն կոչում է «Օսկար»»: Հետագայում Սկոլսկին հավելում է. «Ես հոգնեցի գրել անդեմ արձանիկի մասին և որոշեցի նրան տալ «Օսկար» անունը»:

Արձանիկի բարձրությունը 33,5 սմ է իսկ քաշը 3,5 կգ:

2016 թվականի փետրվարի 28-ին կանցկացվի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս