«Կադրերի բաժին N 168»-ում Ռուբեն Բաբայանն է. «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց»
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է հետևել Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի կինոնախընտրությանը: Ընթերցողներին ենք ներկայացնում Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ՝ ռեժիսոր Ուես Անդերսոնի ողբերգական կատակերգությունը՝ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը» («THE GRAND BUDAPEST HOTEL» Wes Anderson):
Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել համեմատաբար վերջերս՝ 2014 թվականի փետվարի 6-ին՝ բեռլինյան կինոփառատոնի շրջանակներում, որտեղ և արժանացել է ժյուրիի մրցանակին:
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը» եռակողմ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի, համատեղ կինոարտադրություն է, Ռեյֆ Ֆայնսի, Թոնի Ռևոլորի, Սիրշա Ռոնանի, Ջեֆֆ Ռոնանի, Ֆ. Մյուրեյ Աբրահամի և Ջուդ Լոուի դրակատարմամբ:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում, որտեղ երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, որի վրա պարզապես գրված է՝ «Հեղինակ»: Հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը, երբ մի անգամ հյուրընկալվում է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթանում է առեղծվածային սեփականատիրոջ հետ։ Վերջինս պատմում է երկու համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակահատվածում հյուրանոցում տեղի ունեցած առեղծվածային դեպքերի մասին…
Ռուբեն Բաբայանն իր առաջարկած ֆիլմի մասին նախընտրեց խոսել շատ կարճ՝ առաջարկելով մեր ընթերցողներին անպայման դիտել այն. «Սա մի պարադոքսալ ֆիլմ է, և ես կարծում եմ՝ արտակարգ ժամանակակից՝ ոչ միայն իր ձևով, այլ նաև դերասանական խաղով»:
Այսպիսով, մեր ընթերցողներն այս շաբաթ հնարավորություն ունեն դիտելու 100 րոպե տևողությամբ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ողբերգական կատակերգությունը, որի սյուժեն՝ ինչպես ավարտական տիտրերում է նշվում՝ ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններից:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը