Ինչպես է սեփականաշնորհվում Ռուսաստանը

Վերջին տասնամյակում ռուսական իշխանություններն անընդհատ խոսում են սեփականաշնորհման մասին: Նույնիսկ պարբերաբար սեփականաշնորհման ծրագրեր են ընդունում: Բայց այդ ծրագրերը, որպես կանոն, մնում էին թղթի վրա: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՌԴ ՀՆԱ-ի 50 տոկոսից շատ ավելին ապահովում են պետական ձեռնարկությունները: Այս տարի կարծես պատկերն այլ է: 2015-ն ամփոփելիս նշվեց, որ ՀՆԱ-ն նվազել է 3,7 տոկոսով: Արդյունաբերության ոլորտում անկումը 3,4 տոկոս է: Ներդրումները նվազել են համարյա 10 տոկոսով:

ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ 2016թ. բյուջեն հնարավոր չէ կատարել՝ առանց լայնամասշտաբ սեփականաշնորհումից ակնկալվող եկամուտների: ՌԴ նախագահ Պուտինն այս տարի սեփականաշնորհման հարցերով կառավարության նիստ է անցկացրել ու այնուհետև սեփականաշնորհման հարցերը քննարկել խոշոր գործարարների հետ: ՌԴ 2016-ի բյուջեն հաշվարկված էր նավթի մեկ բարելը՝ 50 դոլարով: Նավթի գների անկման և արևմտյան տնտեսական պատժամիջոցների արդյունքում բյուջեի կատարումը հարցականի տակ է հայտնվել: 2016-ի բյուջեում ենթադրվում էր, որ սեփականաշնորհումից մուտքերը կազմելու են 33,2 մլրդ ռուբլի: Ենթադրվում էր, որ այդ գումարը ձեռք կբերվեր «Սովկոնֆլոտ» նավագնացության ընկերության 25 տոկոս հանած մեկ բաժնետոմս վաճառելով:

Բայց Տնտեսական զարգացումների նախարարությունը բյուջեի կատարումն ապահովելու նպատակով կառավարությանը հունվարին առաջարկեց սեփականաշնորհումից «ձեռք բերել» մեկ տրիլիոն ռուբլի: Ռուսաստանի իշխող շրջանակներում բոլորն էլ գիտակցում են, որ տնտեսական իմաստով՝ սեփականաշնորհման համար հիմա լավագույն ժամանակները չեն: Բայց նաև ընդգծում են, որ այլ ելք չկա: Պետության առաջին դեմքերը խոսում են պետական ունեցվածքն էժան գներով մասնավորեցնելու անթույլատրելիության մասին: Կառավարության նիստում Պուտինը հատուկ ընդգծեց՝ սեփականաշնորհման ծրագիրը կազմելիս կարևորագույն ձեռնարկությունների հսկիչ փաթեթը պահել պետությանը: Փաստորեն, ռուսական հնարավոր սեփկանաշնորհումն իր բնույթով դասական ռուսական, պարզ ասած, անհասկանալի է լինելու:

Ռուսական մամուլն արդեն հրապարակում է այն ընկերությունների ցանկը, որոնք ընդգրկվելու են ապապետականացման ցուցակում: Խոսքն իսկապես տնտեսական հսկաների մասին է՝ «Ռոսնեֆտ», «Աերոֆլոտ», «ՌոսՏելեկոմ», «Ռուսերկաթգիծ»: Բայց նշվում է, որ բոլոր ընկերություններում պետությունը պահելու է հսկիչ մասնաբաժինը:

Օրինակ, նշվում է, որ մասնավորեցվելու է «Ռոսնեֆտի» ընդամենը 19,5 տոկոսը: Բայց շատ տնտեսական փորձագետներ կարծում են, որ պետական հսկայական ընկերությունները տնօրինող պետական չինովնիկներն ամեն ինչ կանեն սեփականաշնորհման ծրագրերի ձախողման համար: Նույնիսկ նշվում է, որ կառավարությունն արդեն հրաժարվել է «Ռոսնեֆտի» ապապետականացման ծրագրերից:

Այն, որ սեփականաշնորհումը տարօրինակ ընթացք է ունենալու, պարզ է հենց սկզբից: Նախ՝ սեփականաշնորհման ծրագրի համաձայն՝ ապագա սեփականատերերը ձեռնարկությունները կարող են գնել միայն իրենց միջոցների հաշվին: Պետական մասնակցություն ունեցող բանկերին արգելված է նրանց վարկային միջոցներ տրամադրելը: Իսկ Ռուսաստանում ոչ պետական խոշոր բանկեր չկան: Հետևաբար՝ շատ փորձագետներ կարծում են, որ մասնավորեցման հանված պետական գույքը մեջ-մեջ են անելու այն նույն չինովնիկները, ովքեր այսօր էլ անարդյունավետ կառավարում են այդ նույն ընկերությունները: Կառավարության վերջին նիստում որոշվեց չշտապել «Խնայբանկի» սեփականաշնորհման գործում:

Ռուսաստանյան «Խնայբանկի» 50 տոկոս գումարած 1 բաժնետոմսի տերը նույն ՌԴ Կենտրոնական բանկն է: Նախագահ Պուտինը հանձնարարել է հնարավորինս ապաօֆշորիզացնել սեփականաշնորհման գործընթացը: Այս «բարի» մտադրությունն իրականում այլ կերպ է օգտագործվում՝ արտասահմանյան ընկերությունների առջև փակել ռուսաստանյան մասնավորեցման գործընթացին մասնակցելու հնարավորությունը: Այսինքն՝ մասնավորեցման գործընթացին մասնակցելու է միայն ռուսաստանյան գրանցում ունեցող «կապիտալը»: Այն, որ բոլոր ընկերություններում պետությունը պահելու է իր մասնակցությունը, փորձագետների կարծիքով՝ սեփականաշնորհումն անհրապույր է դարձնում արտասահմանյան ներդրողների համար:

Արտասահմանից կարող է գալ միայն սպեկուլյատիվ կապիտալ, որը խուսափում է երկարաժամկետ ծրագրերից: Երկարաժամկետ ստրատեգիական ներդրումների համար ոչ մի հնարավորություն չի ստեղծվում: Այսինքն՝ ռուսաստանյան սեփականաշնորհման համար առաջադրվում են շատ խիստ և, որ ավելի կարևոր է՝ իրարամերժ պայմաններ: Կարելի է ենթադրել, որ այս սեփականաշնորհումը հատուկ մտածված է միմիայն յուրայինների համար:

Սեփականաշնորհման ծրագրի պայմաններից մեկն էլ սեփականատիրոջ անձն է: Հատուկ նշվում է, որ ապագա սեփականատերը տվյալ ոլորտի հմուտ փորձառություն պիտի ունենա: Իսկ ո՞վ կարող է համարվել փորձառու ներդրող, եթե ոչ՝ տվյալ ոլորտը երկար տարիներ կառավարած պետական չինովնիկը: Երևի հենց դա էլ հաշվի առնելով էր Վլադիմիր Պուտինը կառավարության նիստում ասում, որ ներդրողը սեփականությունը պիտի ձեռք բերի իր միջոցների հաշվին, և արգելում էր պետական բանկերին վարկ տրամադրել նրանց: Ի վերջո, ռուս պետական ներկա ու նախկին չինովնիկները հարյուրավոր մլն դոլարանոց սպորտային ակումբներ են գնում արտասահմանում:

Հիմա նրանց հավանաբար կառաջարկեն ակտիվ մասնակցություն բերել ռուսաստանյան սեփականաշնորհման գործում: Իսկ ինչպես ընդունված է ասել՝ մաֆիոզ շրջանակներում՝ «այդ առաջարկություններից հրաժարվել հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս