Բաժիններ՝

«Հոգևոր արժեքներն առաջին հերթին՝ տեսնում եմ հենց մարդու մեջ, և, եթե դրանք ընկալենք ինքներս մեր մեջ, կունենանք առողջ մարմնում առողջ հոգի». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տոմարագետ Գրիգոր Բրուտյանը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը քննարկում էին գլոբալիզացիայի ժամանակաշրջանում հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանման ու դրանց առջև ծառացած խնդիրների լուծման տարբերակները:
Տոմարագետ Գրիգոր Բրուտյանն այն կարծիքին է, որ մեր ազգի ու մեր հանրության մեջ հոգևոր արժեքների պահպանումն անհատների հույսին է:

«Չկա ազգային շահի գիտակցում, պետական հոգածության ծրագիր ու վերաբերմունք: Ես այդպես եմ տեսնում: Գուցե ինձ առարկեն ու ասեն, որ պետական կառույցներն այս են անում կամ այն են անում, բայց եկեք տեսնենք՝ պետական կառույցներն ի՞նչ են անում: Եթե հիմա այստեղ FM հաճախականության որևէ ռադիո լիներ, ապա եթերում, օրերով մի տակտ անգամ հայկական երաժշտություն չէիք լսի: Ո՞ւր են մեր պետական կառույցները, որ պետք է այդ հարցերով զբաղվեն, որպեզի մենք չլսենք այդ ձայնային աղբը: Սա նույնիսկ որոշակիորեն ազգային անվտանգության խնդիր է»,- իր մտահոգությունն է հայտնում պարոն Բրուտյանը:

Այս որակը, ըստ Գ. Բրուտյանի՝ տարածվում է այլ ասպարեզներում նույնպես: Անդրադառնալով քաղաքաշինության ներկա պատկերին և այդ ֆոնին քանդվող հին Երևանի խնդրին, տոմարագետը տեսակետ հայտնեց, որ սա ևս ազգային արժեքների անկման վառ դրսևորում է:

«Սովետական Միության տարիներին Երևանը միակ քաղաքն էր, որ դեմք ուներ: Այսօր արդեն մենք չենք կարող ասել, որ Երևանը դեմք ունի: Երևանը դեմքը կորցնում է, և այդ գործընթացի մեջ է: Այսօր եթե անցնեք Երևանի արտառոց նորակառույցների կողքով, երբեք չեք ասի, որ Երևանում եք: Գլխավոր պողոտայի վրա, փոստատան հարևանությամբ երկու ֆաշիստական շենքեր են կառուցվել, որ նայում ես՝ սահմռկում ես, էլ չասեմ՝ բետոնե խողովակ հիշեցնող Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են մտածում այդ մարդիկ, որ այլանդակում են մեր քաղաքի դեմքը»,- վրդովված ասաց տոմարագետը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ Մշակույթի նախարարությունն անդրադառնում քաղաքաշինության նմանօրինակ տենդենցներին, կամ ի՞նչ կարող է արվել այդ գերատեսչության կողմից, որ չի արվում, Գ. Բրուտյանը պատասխանեց. «Կարճ կասեմ՝ պոպոքն էլ է իրենց ձեռքին, քարն էլ, ոնց կուզեն՝ կկոտրեն, խնդիրը սա է»:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն այն համոզման է, որ ազգային արժեքների կրողն առաջին հերթին՝ հենց մարդն է, անհատը:

«Որպես մարդ արարած՝ ես կուզեմ հոգևոր արժեքների խնդիրն առաջին հերթին՝ ինքս հասկանամ, հետո հասկացնելով՝ հասկացնեմ: Հոգևոր արժեքները, առաջին հերթին՝ տեսնում եմ հենց մարդու մեջ, և, եթե դրանք ընկալենք ինքներս մեր մեջ, ապա կունենանք առողջ մարմնում առողջ հոգի: Պարզապես անհրաժեշտություն է դարձել՝ այլևս ոչ թե անձնային հարցեր լուծենք, այլ մարդու մեջ Աստծո տված շնորհը զարգացնենք:

Հիմա կամայական ինչ-որ շինարարություններ են կատարում, իրենց թվում է, թե դա անհրաժեշտ է այս երկրում ապրող մարդկանց, որ դրանք գեղեցիկ են, և այլն: Իսկ ես ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչ բան է պետությունը, պետականությունը, ո՞ւր են այդ ոլորտի պատասխանատուները, որ պետք է վերահսկեն այդ կամայականությունները, չէ՞ որ, երբ ինչ-որ հիմնարկում աշխատանքի ես ընդունվում, բոլոր տեսակի պարտավորվածություններն ու իրավունքները կարգավորում է կոնկրետ գործող պայմանագիրը, թե ի՞նչ է կարելի, ու ի՞նչ չի կարելի անել այդ հիմնարկի ներսում»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ պատկեր է այս առումով այժմ սահմանամերձ գյուղերում, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բնորոշեց՝ իբրև անորոշ.

«Այս տարվա ամանորյա տոները ես անցկացրել եմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում: Ինչպես սովորական հայ մարդ՝ ես այցելել եմ գյուղացիների տները, սահմանում կանգնած զինվորներին: Տեսնում ես, թե ինչպիսի ոգևորությամբ է հայ զինվորը սահմանի բերանին կանգնած՝ պաշտպանում երկիրը, բայց նա գիտի, որ իր մեջքի ետևում անորոշություն է՝ դատարկվող գյուղը: Որ տուն մտնում ես՝ բոլորն անորոշության մեջ են ապրում, թե ինչքան կարելի է սպասել ինչ-որ ելքերի: Գրադն ընկել ու ավերել է տան տանիքը, մարդիկ ընտանիքներով ապրում են նկուղային հարկերում ու չգիտեն՝ վերանորոգե՞ն տան տանիքը, թե՞ ոչ, ինչ կլինի հաջորդ օրը, կամ թե ինչ գումարներով վերանորոգեն վնասված տունը:

Ընտանիքի հայրը չի կարողանում ամուսնացնել երիտասարդին, որովհետև նա չգիտի՝ ի՞նչ է նրանց սպասվում ապագայում, կմնա՞ն այդ երիտասարդներն իրենց գյուղում, թե՞ կմեկնեն այնտեղից: Սա սարսափելի իրականություն է, որ արդեն տարիներ շարունակ այդ մարդկանց պահում է նույն անորոշության մեջ»:

168.am-ի այն հարցին՝ մայրաքաղաքո՞ւմ է ավելի դյուրին պահպանել ազգային արժեքները, թե՞, այնուամենայնիվ, հեռու քաղաքներում և գյուղերում դրանք ավելի պաշտպանված են, բանախոս Անդրանիկ սարկավագ Մանուկյանը պատասխանեց. «Մենք պետք է գիտակցենք, որ կա հիվանդություն՝ դա ուռուցք է, որ իր մետաստազներն է տարածել արդեն մայրաքաղաքում, իսկ գյուղերում և հատկապես հեռու գյուղերում ապրողներին անխուսափելիորեն հասնելու են այդ մետաստազները: Նրանք, գուցե չգիտակցված, բայց սպասում են դրան»:

Կրոնի հետ ծնված տոմարագիտության նշանակության ու դերակատարության, հանրության այսօրվա վերաբերմունքի վերաբերյալ բանախոս տոմարագետ Գրիգոր Բրուտյանը նկատեց. «Ցավոք սրտի, մեր իրականության մեջ կիրառվում է հռոմեական օրացույցը, և դա՝ այն պարագայում, երբ մենք ունենք հնագույն հայկական օրացույց, որը դարեր շարունակ էական փոփոխությունների չի ենթարկվել և պահպանել է իր սկզբունքային տարրերը:

Ապրելով մեկ այլ՝ հռոմեական օրացույցի կանոններով, մենք շեղվում ենք մեր բնական ռիթմից, մենք հայտնվում են բնության հետ աններդաշնակ հարաբերություններում, որն անմիջականորեն վնասում է ոչ միայն մեր կենսական պայմաններին ու գոյությանը, այլև իր բացասական դրսևորումներն է ունենում նույնիսկ առօրյա հարցերում: Ցավոք, շատերը սա չեն գիտակցում, և հիմա ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ հայկական տոմարը՝ օրացույցը, մեծ իմաստով՝ հետաքրքիր է միայն այդ թեման ուսումնասիրող մասնագետներին: Վաղուց դուրս է մղվել օրակարգից այն հարցը, որ միգուցե մեզ իսկապես անհրաժեշտ է անցում կատարել հայկական հնագույն օրացույցին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս