Չթաքցվող նախանձով
Տնտեսությամբ հետաքրքրվող լրագրողի համար այս շաբաթը եզակի էր: Տեղեկատվության առումով: Մեր տնտեսության մասին բավական շատ պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց: Օրինակ՝ «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրենը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ հասարակական պատկերացումները սխալ են: Սխալ է, թե մեր գյուղերում զանգվածաբար հրաժարվում են բնական գազից ու աթար են վառում: Փոխտնօրենը հայտարարել էր ու իր ասածը հիմնավորել տվյալներով:
Այդ նույն տվյալները մեկ-երկու օր առաջ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին էլ էին ոգևորել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015թ. բնակչությունն օգտագործել է 516 մլն խորանարդ մետր գազ: Ինչը 2014-ի համեմատ ավելի է մոտ 20 մլն խորանարդ մետրով (կամ մոտ չորս տոկոսով): Երևի փաստն ինքնին ուրախալի է:
Ի հեճուկս զանազան տնտեսական ճգնաժամերի, տրանսֆերտների ու բնակչության եկամուտների կրճատման, ի հակադրություն գազի սակագնի աճի, բնակչությունն ավելի շատ գազ է օգտագործում: Լավ փաստ է: Հպարտանալու արժանի: Ուստի մասնավոր ու պետական ոլորտի չինովնիկները ոգևորվել են: Ոչինչ, որ անցած տարի մոտ յոթ տոկոսով կրճատվել է Հայաստան ներմուծված գազի ծավալը (մոտ 122 մլն խորանարդ մետր): Ոչինչ, որ 2015-ին Հայաստանի արդյունաբերության ոլորտում գազի սպառումը պակասել է 20 տոկոսի չափով: Ոչինչ, որ ավտոլցակայանները ևս հինգ տոկոսի չափով քիչ գազ են օգտագործել: Այս թվերը կարելի էր համադրել մակրոտնտեսական ցուցանիշների հետ ու ահագին հակասություններ գտնել-վերլուծել:
Կամ, ասենք, կարելի էր ավտոլցակայանների թվերի կրճատումը բացատրել բնակչության արտագաղթ-նվազումով: Կամ էլ ոլորտում ստվերայնության աճով: Հայաստանը փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն, թե որ լցակայանն ում է պատկանում, և ինչու են ավտոմեքենաների քանակի աճին զուգահեռ՝ պակասում ավտոմեքենաների լիցքավորման ծավալները: Ասեք, որ սա ինքնին հետաքրքիր թեմա է: Վերլուծության արժանի թեմա:
Բայց այս շաբաթ մեկ այլ հետաքրքիր փաստ էլ հրապարակվեց: Խոսքը ՀՀ հարկային ծառայությունների հրապարակած հազար խոշոր հարկատուների ցուցակի մասին է: Այս ցուցակն էլ ինքնին մի քանի հոդված-վերլուծության նյութ է: Ի վերջո, յոթ տոկոս քիչ գազ իրացնելու պարագային խոշոր հարկատուների ցուցակի առաջամարտիկ, 2014-ի նման, շարունակում է մնալ նույն «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը: Կարելի է վերլուծել խոշոր հարկատուների առաջին տասնյակի կազմը: Վերլուծել ու մասամբ զարմանալ, որ մեր խոշոր հարկատուների տասնյակում երեք արտադրական ընկերություններ կան: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տվյալները զարմանալի չեն: Հանքահումք արտահանող ընկերություն է: Զարմանալին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» հայտնվելն է հինգերորդ տեղում: Կարելի է ուրախանալ, որ խոշորագույն տասնյակում շարունակում է մնալ միակ «մաքուր արտադրական» ձեռնարկությունը՝ «Գրանդ Տոբակոն»: Բայց միևնույն է, անցնող շաբաթվա ընթացքում հրապարակված մեկ լուր ոչ մի կերպ չի թողնում կենտրոնանալ մյուս փաստերի վրա:
Ականջներիս մեջ անընդհատ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հրապարակած այդ լուրն է: Հավանաբար պարզ մարդկային նախանձն է պատճառը: Հատկապես, որ հրապարակված լուրը ոչ տնտեսության հետ կապ ունի, որ էլ մեր երկրի: Երկուշաբթի առավոտյան «Եվրոնյուզ» հեռուստաընկերության լրատվությունը սկսվեց հետևյալ նախադասությամբ. «Երեկ 92 տարեկան հասակում հոսպիտալացվել է Իսրայելի ատոմական ծրագրի հայր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը»: Նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում միջազգային լրատվության հակահերոսը Հյուսիսային Կորեայի առաջնորդն էր:
Ողջ առաջադեմ հասարակությունը ցնցված էր: Ցնցված ու բարկացած: Բռնապետը տեսանյութ էր հրապարակել միջուկային հրթիռի փորձարկման կադրերով: Նույն առաջադեմ մարդկությունը մոտ երկու տասնամյակ առաջ կասկածեց, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել: Կասկածեց ու բարկացավ: Բարկացավ ու միջազգային մեկուսացման դատապարտեց մեր հարևանին, տնտեսական պատժամիջոցներ կիրառեց: Կալանավորվեցին արտերկրում պահվող բոլոր գումարները (փորձագիտական տվյալներով՝ խոսքը 50-100 մլրդ դոլարի մասին է):
Մոտ տասնհինգ տարի ձգվող բանակցություններից հետո միայն այս տարի խոստացվեց հանել պատժամիջոցները, որովհետև Իրանը խոստացավ հրաժարվել իր միջուկային ծրագրերից: Իսկ Շիմոն Պերեսի հմուտ ղեկավարությամբ Իսրայելը 50-60-ական թթ. կյանքի կոչեց իր միջուկային ծրագրերը: Ֆրանսիացի ֆիզիկոս Ֆրանսիս Պերենը միայն 1986թ. խոստովանեց, որ իր երկիրը Իսրայելի հետ 50-ականներից համագործակցել է ատոմային զենքի ստեղծման հարցով: Բայց անգամ այս հրապարակումը չխանգարեց, որ 1994 թ. Շիմոն Պերեսը Նոբելյան խաղաղության մրցանակ ստանա: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ որևէ այլ երկրի ատոմային նախագծի հայր առաջնորդ արժանանա Խաղաղության մրցանակի: Իսկ եթե Դուք ասեք, որ սա միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների կիրառման դասական օրինակ է, ես, միևնույն է, Ձեզ չեմ հասկանա: Չեմ հասկանա՝ պարզ մարդկային նախանձը հաղթահարել չկարողանալու նույնքան պարզ պատճառով: