«Քաղաքական և տնտեսական կյանքում դեմոնոպոլիզացիա պետք է լինի». ԹԻ ղեկավար
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նոր է ստեղծվել, նաև կարծել, որ մի խորհրդով կարելի է նվազեցնել կոռուպցիան, դա բավականին միամիտ կլինի: Իհարկե, մի խորհրդով, ընդ որում՝ բավականին սահմանափակ դասականորեն ընդունված հակակոռուպցիոն անկախ մարմինը, որ շատ երկրներում ստեղծվեց՝ Սինգապուր, Հոնկոնգ, որտեղ շատ մեծ առաջընթաց գրանցեցին և դարձան առաջիններից աշխարհում, այդպիսի մարմին, բնականաբար, դա չի հանդիսանում: Առավել ևս՝ 2004-ից նման խորհուրդ եղել է, մի քիչ փոխվեց նրա կազմակերպչական ճարտարապետությունը, սակայն առանձնակի հաջողություններ այդպիսի խորհրդի ստեղծմամբ չի կարելի ակնկալել: Խորհուրդը կհաջողի, եթե լինեն խորքային բարեփոխումներ, և ոչ թե՝ իմիտացիա, այսինքն՝ իսկապես լինեն քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական բարեփոխումներ: Այդ դեպքում միգուցե խորհուրդն իր դերը կսկսի կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա՝ կոռուպցիայի լուրջ նվազեցման արդյունքներ գրանցելու համար առաջին հերթին՝ իսկապես քաղաքական կամքի առկայությունն է, որի դեպքում կարվեն լուրջ քայլեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիան, և համակարգային ռիսկերը կվերանան: Վ.Հոկտանյանի խոսքով՝ քաղաքական և տնտեսական կյանքում դեմոնոպոլիզացիա պետք է լինի, այսինքն՝ նվազեցվի ՀՀ տնտեսության մոնոպոլիզացիայի բավականին բարձր աստիճանը, որը տնտեսական մրցակցության խաթարման վկայություն է. «Մոնոպոլիզացիան կոռուպցիայի հետ ձեռք ձեռքի տված են լինում, իսկ տնտեսական մոնոպոլիզացիան բերում է քաղաքական մոնոպոլիզացիայի: Երկրորդ խնդիրը քաղաքական և տնտեսական վերնախավի սերտաճումն է, որը նույնպես շատ լուրջ վնաս է հասցնում և թույլ չի տալիս կոռուպցիան նվազեցնել: Երրորդը՝ իշխանության ճյուղերի, մասնավորապես՝ դատական համակարգի անկախությունն է: Իհարկե, այստեղ պետք չի նայել այնպես, որ հասարակությունը բան չունի անելու, այլ երկրներում, օրինակ, Գվատեմալան Հայաստանից ավելի կոռումպացված է, բայց հասարակությունը փորձում է կազմակերպված քայլեր անել: Իսկ մեզ մոտ մտահոգիչ է, որ 2013-ին, ըստ բարոմետրի, ՀՀ-ն միակ երկիրն է, ուր կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության հարցին կեսից ավելին ասել է՝ «ոչ»: Ընդ որում, սա միայն իրավագիտակցության խնդիր չի, շատ ավելի խորը արմատներ ունի: Ներքևից ճնշումն անհրաժեշտ է, բայց եթե վերևից ճնշվում է այդ ակտիվությունը, այն որևէ լուրջ արդյունքների չի հանգեցնի, եթե չբերի իշխանափոխության: Թեև միարժեք չէ, որ իշխանափոխությունը բերում է կոռուպցիայի նվազման, ինչպես, օրինակ, Ուկրաինայում նույնն է մնացել, իսկ Վրաստանում նվազել է կոռուպցիան»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Վ. Հոկտանյանը նշեց, որ, եթե ընտրությունների ժամանակ ընտրակաշառքները շարունակվեն, որը քաղաքական կոռուպցիա է, և, եթե նման դրսևորումներ լինեն նաև 2017-ին, բնականաբար, մեծ փոփոխություն չի լինի: