Բաժիններ՝

Ինչո՞ւ Կանայում հարսանիքի ժամանակ Հիսուս ջուրը դարձրեց գինի

– Մեր օրերում դպիրներ են կոչվում այն մարդիկ, ովքեր ծառայում են եկեղեցում: Իսկ անցյալում ովքե՞ր էին այդպես կոչվում: Եվ ինչո՞ւ Կանայում հարսանիքի ժամանակ Հիսուս ջուրը դարձրեց գինի:

– Նոր Կտակարանի մեջ հիշված դպիրները Սուրբ Գիրքերը պահելու և հասկացնելու համար կրթված մարդիկ էին (եբրայերեն` «սոֆերիմ» (տառացի թարգմանությամբ` «գրագիրներ»): Այսպիսին էր Եզրասը` «եռանդուն գրագիր… Սատծու կողմից Մովսեսին տրված Օրենքի օրենսգետ… ով իր սրտում վճռել էր քննել Տիրոջ Օրենքը, գրել նրա մասին և Իսրայելի ժողովրդին ուսուցանել Տիրոջ պատվիրաններն ու կանոնները» (Բ Եզր. 7: 6, 10; Նեեմ. 8: 1): Նրանց պաշտոնն էր այս գրքերը ընդօրինակել, դրանց մթին տեղերը բացատրել, և օրենքի արարողություններին վերաբերող խնդիրները լուծել: Նրանք տեղյակ էին մանավանդ այն մեկնություններին և արարողություններին, որով հրեաները սովոր էին եղծանել օրենքը:  Հարցն այն է, որ Բաբելոնի գերությունից հետո Իսրայելի մեջ մարգարեությունները դադարել էին, և դպիրները բռնեցին մարգարեների տեղը:

Նրանք փարիսեցիների հետ միասին ռամիկ ժողովրդին առաջնորդում էին դեպի կույր մոլեռանդություն: Այս դպիրները կատարում էին իրենց պաշտոնը` ժամանակ առ ժամանակ ժողովրդին հավաքելով ամեն քաղաքի մեջ` օրենքի մասին ընտանեբար խոսելու կամ վիճաբանության խնդիրներ բարձրացնելու համար` հավելելով իրենց մեկնությունները և բացատրությունները իրենց նախորդող ուսուցիչների մեկնություններին: Այսպիսով Տիրոջ պատվիրաններին կցվեցին բազում այլ կարգադրություններ, որոնք աստիճանաբար գլխավոր դարձան և Մովսիսական Օրենքի խոսքերից ավելի կարևոր համարվեցին:  Դպիրների հեղինակած գրքերն էին այն կանոններն ու օրենքները, որոնք կոչվում էին «Նախյաց Ավանդություններ»: Այդ կանոնները ներառված էին երկհատոր գրքերում, որոնք կոչվում էին «Թալմուդ»:  Դպիրների ազդեցությունն անկասկած մեծ էր, նրանցից շատերը Հրեից ժողովի անդամ էին, և  նրանց հաճախ հիշատակվում են ծերերի և քահանայապետերի հետ:

Ինչ վերաբերում է Կանայում տեղի ունեցած հրաշքին, ապա դա մի փոքրիկ քաղաք էր, ուր մի աղքատ ընտանիքում` հավանաբար Սուրբ Աստվածածնի բարեկամներից մեկի տանը հարսանիք էր: Քրիստոս Իր աշակերտների հետ միասին նույնպես հրավիրված էր: Ամուսնության հանդիսությունը արևելքում տոնվում էր մեծ ճոխությամբ և երբեմն մի քանի օր էր տևում: Այս հանդիսության ժամանակ, երբ մարդիկ անհոգ ուրախության մեջ էին, տանտերերը շատ տխրեցին ու ամոթահար եղան, քանի որ գինին վերջացավ:  Նման դեպքն արևելյան հյուրասիրության տեսանկյունից դժբախտություն էր և սպառնում էր աղքատ նորապսակների խայտառակությամբ:

Այս դժբախտությանը ցավով արձագանքեց բարեգութ Աստվածածնի սիրտը, ով հավանաբար, օգնում էր իր հարազատներին կերակրի պատրաաստությունների մեջ: Ցանկանալով օգնել նրանց այս անելանելի վիճակից դուրս գալ` Նա մոտեցավ Իր Աստվածային Որդուն և ասաց Նրան. «գինի չունեն» (Հովհ. 2: 3): Մոր խնդրանքին Քրիստոս պատասխանեց. «Ի՞նչ ես ուզում Ինձնից, ո´վ Կին, Իմ ժամանակը դեռ չի հասել» (Հովհ. 2: 4): Այս խոսքերից Սուրբ Կույսը հասկացավ, որ դեռ չի եկել ժամանակը,  որ Նա Իր Աստվածային ուժը ցույց տա: Բայց Նա գիտեր Իր Որդու սերը մարդկանց նկատմամբ և համոզված էր, որ Նա անպայման կօգնի կարիքավորներին:

Այդ պատճառով էլ ասաց ծառաներին. «Ինչ որ ձեզ ասի, արե´ք» (Հովհ. 2: 5): Անսալով Մոր խնդրանքին` Քրիստոս Իր Աստվածային հայտնության պահից առաջ անցավ և ջուրը գինի դարձրեց: Գալիլիայի Կանա քաղաքի առաջին հրաշքը լի է մեծ խորհրդավորությամբ:  Կանայում, ջուրը գինի դարձնելով` Քրիստոս բոլորին մասնակից դարձրեց երկրավոր ուրախությանը, իսկ Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ` Իր ծառայության վերջում, Նա գինին փոխարկեց Իր Արյանը և, տալով Այն Իր աշակերտներին` խմելու, դարձրեց նրանց (իսկ հետո` նաև բոլոր Իրեն հավատացողներին) Իր Ամենասուրբ Մարմնի անդամ և մասնակից Աստծու Արքայության երկնային խնջույքին: Կանայում օրհնված հարսանիքով առանձնահատուկ բարձր նշանակություն ստացավ պսակադրության խորհուրդը` իբրև տղամարդու և կնոջ Քրիստոսով օրհնված անբաժան միություն:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան 
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս