
Հայաստանը՝ 2016թ. ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների շարքում

Skyscanner ընկերության մասնագետները, որոնք զբաղվում են ավիատոմսերի, հյուրանոցների ու ավտոմեքենաների վարձույթի որոնումներով, կազմել են 2016թ. ամենաբյուջետային զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակը, գրում է AviaPort դայջեսթը:
Վարկանշային աղյուսակում են հայտնվել Հարավարևելյան Ասիայի երկրները: Մասնավորապես, խոսքը Հնդկաստանի, Ինդոնեզիայի, ինչպես նաև Նեպալի ու Վիետնամի մասին է: Այդ երկրներում բնակվելու, սնվելու, տրանսպորտի համար զբոսաշրջիկին հարկավոր է վճարել միջինը 40-45 դոլար:
Գները ներկայացված են՝ հաշվարկելով երկու մեծահասակների մեկօրյա ծախսը:
Այնուհետ հաջորդում են Շրի-Լանկան ու Լաոսը՝ 60 դոլար՝ երկուսի ծախսերի համար: Բյուջետային ուղղությունների խումբը եզրափակում է Կամբոջան՝ օրական միջինը 70 դոլար ցուցանիշով:
Բացի այդ, մասնագետները բավականաչափ գրավիչ են համարել նաև Աբխազիայի՝ 65 դոլար, Հայաստանի ու Վրաստանի գները՝ 70-80 դոլար:
Գրեթե նույն մակարդակում են գտնվում զբոսաշրջիկների մեկօրյա ծախսը Բուլղարիայում, Ռումինիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Հունգարիայում:
Այստեղ զբոսաշրջիկներին միջինը հարկավոր է 70-85 դոլար:
Վարկանշային աղյուսակը կազմվել է բլոգերների, ֆորումների, յուրաքանչյուր երկրում սնվելու ու բնակվելու անալիզի արդյունքում: