«Մեր դիվանագիտությունը Գերմանիայում մենք կառուցում ենք ոչ թե ելնելով ինչ-ինչ խոչընդոտ թվացող հանգամանքներից, այլ այն պարարտ հողի վրա, որն առկա է հայ-գերմանական հարաբերություններում». news.am
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-գերմանական փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:
– Պարո՛ն դեսպան, 2017թ. լրանում է Գերմանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են ապրել երկկողմ հարաբերություններն այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:
– Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել 1992 թվականի հունվարին եւ այսօր նրանք զարգանում են փոխըմբռնման եւ բարեկամության ոգով: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Գերմանիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է միջազգային ասպարեզում այդ երկրի քաղաքական եւ տնտեսական ակտիվ դերակատարմամբ, Եվրամիության շրջանակում ունեցած նրա ծանրակշիռ դիրքով, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի կողմից ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Պարբերաբար իրականացվող բարձրաստիճան փոխայցերը շարունակում են նպաստել կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը: Առավել հաճախակի են փոխայցերը արտգործնախարարների մակարդակով, պարբերաբար անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ:
Ակտիվորեն զարգանում են նաեւ երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել այս տարվա մայիսին Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ Բունդեսթագում հիմնված Գերմանա-հայկական ֆորումը: Լիահույս եմ, որ այն լրացուցիչ լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է՝ երկրորդը ԱՄՆ-ից հետո: Զարգացման համագործակցության քաղաքականության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 1992թ.-ից ի վեր հատկացնում է տեխնիկական եւ ֆինասնական օժանդակություն, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության` GIZ-ի եւ Վերակառուցման վարկային բանկի` KfW-ի միջոցով:
Գերմանիան Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում գրավում է առաջին տեղը: Հայաստանում 2015թ. փետրվարի դրությամբ գրանցված է գերմանական կապիտալի մասնակցությամբ 80-ից ավել ձեռնարկություն:
Առկա է ակտիվ համագործակցություն ռազմական բնագավառում: Այն ընթանում է ռազմական բժշկության, ռազմական կրթության, փորձի փոխանակման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2010թ.-ից Աֆղանստանում անվտանգության ապահովման ուղղությամբ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կցված է ԳԴՀ ԶՈՒ ստորաբաժանմանը:
Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական 50-ից ավել համաձայնագրեր եւ հուշագրեր, այդ թվում` ֆինանսական եւ տեխնիկական, առեւտրատնտեսական, օդային հաղորդակցության, առողջապահության, գիտության, կրթության եւ մշակույթի, բնապահապնության ոլորտների, ռեադմիսիայի մասին եւ այլն:
– Այսօր Գերմանիայում կա 50-ից 60 հազարանոց հայկական համայնք: Ո՞ր քաղաքներում են հիմնականում կենտրոնացված հայերը, եւ ի՞նչ առանձնահատկություններով կարելի է նրանց բնութագրել:
– 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայ մտավորականների եւ վաճառականների փոքր խումբ ժամանեց Գերմանիա՝ հաստատվելով Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում, Համբուրգում: Հենց այդ ժամանակահատվածն էլ համարվում է հայկական համայնքի կազմավորման սկիզբ:
Հետագայում համայնքի շարքերը տարիների ընթացքում համալրվել են Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներով, Երկրորդ աշխարհամարտի հայ ռազմագերիներով, ավելի ուշ՝ Թուրքիայից, Մերձավոր եւ Միջին Արեւելքից, Իրանից ներգաղթած հայերով:
Առաջին համայնքային կառույցներն ստեղծվել են Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում եւ Շտուտգարտում: 1980-ական թվականների վերջում միություններ են ստեղծվում նաեւ Բրեմենում, Բիլեֆելդում, Դույսբուրգում, Բոնում, Նյուրնբերգում:
Գերմանահայ համայնքի թվի մասին ստույգ տվյալներ դժվար է ասել, սակայն կոպիտ հաշվարկներով Գերմանիայում այսօր ապրում են 50-60 հազար հայեր:
Գերմանիայում գործում են երկու հիմնական համայնքային կազմակեպություններ՝ եկեղեցական, որոնք գործում են Գերմանահայոց Առաջնորդարանի հովանու ներքո եւ, այսպես կոչված, աշխարհիկ, որոնք համախմբված են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի շուրջ: Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը ստեղծվել է 1991 թվականին Քյոլնում, որտեղ էլ տեղակայված է Գերմանահայոց Առաջնորդարանը:
Գերմանահայոց Առաջնորդարանի պաշտոնական տվյալների համաձայն Գերմանիայում գործում է շուրջ 15 եկեղեցական համայնք եւ 20-ից ավել հայկական հասարակական կազմակերպություն ու միություն:
Արդեն 100-ամյա Գերմանահայկական ընկերակցության հովանու ներքո լույս է տեսնում գերմանալեզու «Հայ-գերմանական թղթակցություն» ամսագիրը:
Իմ գնահատմամբ՝ դեսպանությունը հնարավորինս արդյունավետ համագործակցություն է ծավալել հայկական միավորումների հետ. փորձելով առկա ներուժից առավելագույնը քաղել: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2015 թվականն այս առումով հաջողված տարի էր. մենք կարողացանք համայնքային կառույցների հետ համատեղ ջանքերով Գերմանիայում մեծ հնչեղություն ապահովել Թուրքիայի կառավարության ժխտողականության շուրջ: Առանց չափազանցնելու կարող եմ արձանագրել, որ երբեք Հայաստանի անունն այդքան հաճախ չէր հայտնվել գերմանական դաշնային, տեղական եւ առհասարակ հեղինակավոր մամուլի էջերում, որքան հայտվեց անցած տարվա ընթացքում:
– Հայտնի է, որ Գերմանիայում ակտիվ գործում է թուրքական համայնքը: Ինչպիսի՞ խոչընդոտներ է այն ստեղծում հայ-գերմանական հարաբերությունների կայուն զարգացման ճանապարհին:
– Մեր դիվանագիտությունը Գերմանիայում մենք կառուցում ենք ոչ թե ելնելով ինչ-ինչ խոչընդոտ թվացող հանգամանքներից, այլ այն պարարտ հողի վրա, որն առկա է հայ-գերմանական հարաբերություններում եւ փորձում ենք այն էլ ավելի արգասաբեր դարձնել: Կարծում եմ դա է ճիշտ ճանապարհը:
Գերմանիայում ապրում են միլիոնավոր ներգաղթյալներ, այդ թվում՝ նաեւ թուրքական ծագում ունեցող մի քանի միլիոն քաղաքացիներ: Երբ ասում եք խոչընդոտ, նախ եւ առաջ, թերեւս, պատկերացնում ենք Ցեղասպանության խնդրի շուրջ զարգացումների դեմ թուրքական համայնքի, լոբբիստական կազմակերպությունների գործողությունները: Թուրքական համայնք ասվածն այստեղ այնքան էլ միանշանակ չէ, այսինքն՝ չկա միատարր համայնք: Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի դեմ ցույցեր կամ գործողություններ ձեռնարկել Գերմանիայում այդքան էլ դյուրին չէ, քանզի հայտնի է, որ այս երկիրը խիստ զգայուն է ժխտողականության դրսեւորումների հարցում: Այսինքն, Գերմանիայում Ցեղասպանությունը հերքելու, կասկածի տակ դնելու, ատելություն, խտրականություն քարոզելու կամ ճանաչումը խանգարելու թուրքական փորձերն իրականում ոչ թե խոչընդոտ են դառնում մեզ համար, այլ վարկաբեկում են հենց նման գործողություններ ձեռնարկողներին կամ հրահրողներին: Չպետք է մոռանալ, որ Էրդողանի վերջին այցերը Գերմանիա գերմանական մամուլի եւ քաղաքական լայն շրջանակների կողմից որակվել են իբրեւ քարոզարշավային այցեր: Միեւնույն ժամանակ չպետք է թերագնահատել գերմանական որոշ ավանդական կուսակցություններում գերմանաբնակ թուրքերի ներկայությունն ու գործոնը, ինչպես նաեւ միջին խավում թուրքական ծագում ունեցողների ազդեցության աճը:
– Գերմանիան աշխարհին հայտնի է հատկապես բժշկության եւ տեխնոլոգիաների բարձր զարգացման մակարդակով: Իրականացվո՞ւմ են արդյոք հայ-գերմանական համատեղ ծրագրեր այս ոլորտներում:
– 2003 թվականից ԳԴՀ կառավարության դրամաշնորհով Հայաստանում իրականացվում է թոքախտի դեմ պայքարի ծրագիրը:
Գերմանական առանձին կլինիկաներ, անհատներ եւ տարբեր բարեգործական կազմակերպություններ առ այսօր օգնություն են ցուցաբերում Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» կլինիկայի քիմիաթերապիայի բաժանմունքին` վերջինիս հիմնադրման օրվանից:
2012-ի օգոստոսին տարածաշրջանային այցով Հայաստանում էր Գերմանիայի առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ԳԴՀ առողջապահության նախարարության պետքարտուղարը եւ ՀՀ առողջապահության նախարարը ստորագրել են առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է երկկողմ համագործակցություն բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահության զարգացման, առողջապահության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Հայաստանից բազմաթիվ բժիշկներ կատարելագործվել են գերմանական տարբեր կլինիկաներում եւ այսօր իրենց հարուստ փորձն են ներդնում հայրենական տարբեր բուժհիմնարկներում:
Մի շարք գերմանացի հայտնի պրոֆեսորներ այցելում են Հայաստան, կատարում խորհրդատվություններ, տեսավիրահատություններ՝ սերտորեն համագործակցելով մեր բժիշկների հետ: Լիահույս եմ, որ գալիք տարում այս բնագավառում նկատելիորեն կխորանա համագործակցությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: