«Ակնհայտ է, որ հարևանները չէին կարող չլսել այդ կրակոցները»
Երեկ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվեց հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի քննությունը: Դատարանն անցավ դատաքննության՝ որոշելով նախ՝ հարցաքննել տուժողների իրավահաջորդներին և վկաներին, հետազոտել ապացույցները, ապա հարցաքննել Վալերի Պերմյակովին:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Մ. Պողոսյանն ասաց, որ մինչև դատաքննությունը սկսելն իրենց կողմից միջնորդություն է ներկայացվել՝ որոշակի փաստաթղթեր դատարանին և դատավարության մասնակիցներն տրամադրելու համար:
Փաստաբանն ասաց, որ պնդում են այդ միջնորդությունը. այս գործով որոշակի հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունն ապացուցելու համար միջնորդեն ՌԴ իրավասու մարմիններից պահանջել և գործին կցել փաստաթղթեր, ինչպես նաև սպանության դրվագի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր գործից, որով ռուսական դատարանի կողմից Վ. Պերմյակովը դատապարտվել է: Իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ պարզ է դարձել, որ պետք է հարուցված լինեին նաև այլ գործեր, քանի որ գոյություն ունի եզրակացություն, որի համաձայն՝ Վ. Պերմյակովն առողջական խնդիրներ ունի. «Նաև պարզ դարձավ, որ զորակոչի հետ կապված ժամանակին պետք է խնդիրներ ծագած լինեին, հետագայում նաև նրան զենք տրամադրելու հետ կապված: Ուստի խնդրում եմ, որ դատարանը պահանջի նաև ռուսական կողմից տրամադրել, թե արդյոք հարուցվել են այլ քրեական գործեր այլ փաստերի առթիվ, մասնավորապես Պերմյակովին անօրինական զորակոչելու, հետագայում նրան զենք տրամադրելու հետ և ընդհանրապես պատասխանատուների հետ կապված»:
Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը միացավ միջնորդությանը՝ կարծիք հայտնելով, որ ողջ քրեական գործը պետք է կցվի սպանության գործին. նա նշեց, որ հանգամանքը, թե ինչու է Վ. Պերմյակովը զենքը վերցրել և դուրս եկել, ուղղակիորեն առնչվում է սպանության հանգամանքին:
Մեղադրողն ու պաշտպանական կողմը չառարկեցին միջնորդության դեմ. դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը՝ նկատի ունենալով, որ դրա համար էական հանգամանքներ պարզված չեն՝ քրեական գործում առկա փաստաթղթերը դատաքննության ընթացքում հրապարակային չեն հետազոտվել: Լ. Սահակյանը հայտարարեց, որ որոշումը կայացվեց օրենսգրքի խախտմամբ, նույն տրամաբանությամբ այս փուլում կողմերը նոր ապացույցներ պահանջելու իրավունք չունեն, սակայն Քրեական դատավարության օրենսգիրքը մինչև դատաքննությունը սկսելը լրացուցիչ ապացույցներ պահանջելու իրավունք է տալիս. կողմերը ծանոթ են քրեական գործին, և փաստաթղթերի հրապարակումը կապ չունի նոր ապացույցներ պահանջելու հետ, իսկ պահանջելը ժամանակատար է. «Ինչո՞ւ մենք գանք, հասնենք դատաքննության ավարտին, ամբողջն ուսումնասիրած լինենք, հետո նստենք-սպասենք, թե ռուսական կողմը մեզ ինչ փաստաթուղթ պետք է տա կամ չկա»: Բացի այդ՝ դրանք ստանալու պարագայում իրենց հարցադրումներն ինչպես՝ վկաներին, այնպես էլ՝ Վ. Պերմյակովին կարող են այլ լինել:
Դատարանի վարքագծից բողոքեց նաև տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը՝ նշելով, որ իրենք տեսնում են դատարանի կաշկանդվածությունը. արդեն երրորդ նիստն է, սակայն դատարանը մասնակիցների անունները նորմալ չի նշում.
«Մահացածին ու առողջ նստած մարդուն խառնում եք իրար. այդպես չի կարելի, չէ՞»: Փաստաբան Մ. Պողոսյանն ասաց, որ իրենց համար պարզ չդարձավ, թե ինչ էական հանգամանքներ պետք է ի հայտ գան, որից հետո դատարանը որոշում կկայացնի միջնորդության վերաբերյալ, որոշումը դատաքննության ողջամիտ ժամկետների պահպանման սկզբունքից չի բխում: Ա. Սաքունցն էլ հայտարարեց, որ դատարանը հանդես է գալիս՝ որպես կողմ:
Դատարանն անցավ դատաքննության: Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Վ. Պերմյակովը մեղադրվում է այն բանի համար, որ նա ավազակությամբ զուգորդված ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է երկու և ավելի անձանց, ինչպես նաև՝ բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով հափշտակել է ուրիշի գույք, բացի այդ՝ փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Հարցին՝ արդյոք իրեն պա՞րզ է մեղադրանքի էությունը, բովանդակությունը, Վ. Պերմյակովը պատասխանեց. «Պարզ է»: Նա ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում, իսկ հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ, պատասխանեց. «Ամեն ինչում»:
Իր ցուցմունքում Ռ. Պետրոսյանը նշեց, որ հունվարի 12-ի առավոտյան գնացել է քրոջ տուն՝ ջուր խմելու, տեսել՝ դռան ապակին չկա. առաջինը տեսել է Աիդա Ավետիսյանին, մտածել, թե գազն է պայթել, սակայն երեսին արյուն է տեսել, ապա այդ վիճակում տեսել է մյուսներին. «Բոլոր սենյակները մտնել-դուրս գալով՝ վազում էի դրսից՝ ներս, ներսից՝ դուրս, միայն բղավում էի, բայց ոչ մի արձագանք: Հարևանները նույնիսկ կասկածելի ձևով դուրս չեկան, մարդ չկար, բայց ժամն արդեն 12-ին 20 պակաս»: Հ. Ավետիսյանի քույրը պատմեց, բղավում էր՝ գազից խեղդվել են, սակայն հեռավորությամբ ապրողները մոտեցել են, իսկ կողքի հարևաններից դուրս եկող չի եղել.
«Ինձ մոտ էլ ոչ հեռախոս կար, ոչ արդեն համարներ կհիշեի: Էլի կվազեի՝ էլի ներս, էլի դուրս, քրոջս թափ կուդայի, սաղ ձեռքերս արյան մեջ է եղել, փաստորեն չեմ էլ հիշում: Հետո վազեցի, կողքը խանութ կա, էլ ինձ չկորցրի, տեսա, որ մարդ չկար, հարևաններից բացող չկար: Խանութը բացի, Ռուզաննա է անունը, սեցի՝ Ռուզան ջան, քրոջս տունը սաղ գազից խեղդվել են, շուդ էրա, սկոռի կանչե, կարող է ողջ կա մեջները: Խեղճ աղջիկը մոլորվավ, ըսեց՝ ինչխ թե, ըսեցի՝ հա: Էլ ես չեմ հիշում, բարեկամներից ոչ մեկի համարը ոչ կհիշեմ արդենգ Ու ես վազել եմ, էլ չեմ հիշում, թե ինչ ձևի է միլիցիան եկել, շտապօգնության մեքենան է եկել»:
Ռ. Պետրոսյանը հիշեց, որ շտապօգնության աշխատակիցն ասել է՝ ոչ մեկը ողջ չէ, միայն երեխան է շնչում. «Ես նույնիսկ Սերյոժային չփնտրեցի դեպքի ժամանակ, այսինքն՝ ես ինձ լրիվ կորցրել էի: Այդ կնոջն ասեցի՝ գազից են խեղդվել, ասում է՝ ինչ գազից, այ աղջիկ ջան, բոլորին գյուլլել են, խփել են զենքով: Կսեմ՝ ինչխ թե զենքով, ո՞վ պիտի իմ քրոջ տուն գար զենքով: Մենք սովորական մարդիկ ենք, մենք ոչ ըդպես բաների մեջ ընգած-հելած ենք: Ինչի՞ պիտ գային: Հեչ բան քանդած չէր, որ գողություն էրած էղնեին»: Նա ասաց, որ հետո հասկացել է, որ հրազենային կրակոցներ են եղել, բայց պատճառը չգիտի:
Դատարանում երեկ որպես վկա հարցաքննվեց Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը: Նա ասաց, որ դուստրն ամուսնացել է Գյումրիում Արմեն Ավետիսյանի հետ. «Կազմել են լավ ընտանիք, լավ, համերաշխ ապրում էին, լավ երեխաներ ունեին»: Նա նշեց, որ հունվարի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում իմացել են, որ դեպք է տեղի ունեցել, եկել են դեպքի վայր, սակայն մինչ այժմ ոչինչ չի պարզվել: Դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են հավաքված եղել, նրանցից հետաքրքրվել են, թե ինչ է տեղի ունեցել: Տուժողների մյուս իրավահաջորդներն ասացին, որ ի վիճակի չեն ցուցմունք տալ:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը: Նիստի ավարտից հետո անդրադառնալով այն հանգամանքին, որ հարևանները կրակոցներ չեն լսել, Լ. Սահակյանն ասաց, որ վկաների հարցաքննության ընթացում որոշ բաներ պարզ կլինեն. «Համենայն դեպս, ինձ համար՝ որպես սովորական տրամաբանող մարդու, ակնհայտ է, որ հարևանները չէին կարող չլսել այդ կրակոցները: Թե ինչու են նրանք լռում և չեն ասում, որ լսել են այդ կրակոցներըգ կարծում եմ՝ դա նաև պայմանավորված է նրանով, որ հետագայում, երբ պարզել են, որ, եթե առնվազն անմիջապես արձագանքեին, փոքրիկ Սերյոժան կապրեր, նրանց արդեն իսկ հիմք է տալիս, որ նրանք այլևս երբեք չասեն, որ իրենք լսել են կրակոցի ձայներ, և ըստ էության, իրենց անտարբերության պատճառով փոքրիկ Սերյոժան զրկվեց կյանքից»: Փաստաբանն ասաց նաև, որ անմիջապես հարևանությամբ ապրող բարեկամուհին ցուցմունք է տվել, թե մտածել է, որ երկրաշարժ է, դուրս է եկել, նույնիսկ լույս է վառել:
«168 ԺԱՄ»