
Ռուսաստանը պատրաստվում է ևս մեկ ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևելքում

Ռուսաստանը պատրաստվում է ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
«Ռուս զինվորականների խումբը, ներառյալ՝ ինժեներների, նկատվել է Թուրքիայի սահմանի հարևանությամբ գտնվող Էլ-Ղամիշլի քաղաքի լքված օդանավակայանի անմիջական հարևանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ տարածքը հիմնականում վերահսկվում է սիրիացի քրդերի կողմից:
«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները վստահ են, որ Ռուսաստանը կարող է ստեղծել ևս մեկ ավիաբազա ու իրականացնել ուժերի ավելացում, ինչպես Լաթաքիայի միջերկրածովյան լողափին»,- պարբերականը ներկայացնում է աղբյուրի խոսքերը:
Աղբյուրների կանխատեսումներով՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ ևս մեկ բազայի շինարարությունը ավելի կվատացնի Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները:
Անցած տարի հաղորդվել էր, որ Ռուսաստանն ընդլայնում է ռազմական ներկայությունը Սիրիայում՝ կառուցելով ևս երկու ռազմաբազա: