ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորոդու սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է 2003թ. Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքով հարուցված 2 մեղադրյալների մասով դատավճիռը:
Ամբաստանյալներ Կամսար Հակոբյանն ու Անդրանիկ Երեմյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակել տաքսի ծառայության ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Գևորգյանը, սպանվել էին, իսկ նրա եղբայր Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել էր փրկել նրա կյանքը։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երևանի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը, սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին: 2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի և այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: 2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Անդրանիկ Երեմյանը և Կամսար Հակոբյանը հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան տեղափոխվել համապատասխանաբար 2014թ. օգոստոսի 29-ին և 2015թ. փետրվարի 22-ին։