«Այս ֆոնի վրա դժվար է դրական կանխատեսումներ անել». տնտեսագետ
«Համաշխարհային տնտեսության մեջ տիրում է այնպիսի իրավիճակ, որ շատ դեպքերում փորձագետները դժվարանում են այդ ֆոնի վրա դրական կանխատեսումներ անել: Օրինակ՝ Համաշխարհային բանկի վերջին զեկույցներից մեկում համաշխարհային տնտեսական աճը 2016թ. համար կանխատեսվում է 2.9%: Սա նշանակում է, որ նույնիսկ մի շարք զարգացած երկրներ ունենալու են դժվարություններ: Դա ազդեցություն է թողնելու նաև զարգացող երկրների վրա: Օրինակ՝ Չինաստանի համար տնտեսական աճը կանխատեսվում է 6.7%, իսկ Չինաստանը՝ որպես գլոբալ խաղացող, ազդեցություն ունի գրեթե ողջ ասիական տարածաշրջանի, ինչպես նաև՝ համաշխարհային տնտեսության վրա: Մեր գործընկեր Ռուսաստանն ունենալու է -0.7% տնտեսական անկում, այսինքն՝ 2015թ. փակում է անկմամբ, և դա շարունակություն է ստանում 2016թ.»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ամենակարևոր գործոններից մեկը մնում է նավթի գինը, որն այս պահի դրությամբ կազմում է 30.4 դոլար. «Եթե շարունակվի այս բացասական զարգացումների միտումը, հնարավոր է, որ 30-ից էլ իջնի: Մի շարք նավթ արդյունահանող երկրներ հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ իրենց բյուջեի հիմքում դրված նավթի ցուցանիշի և կոնկրետ համաշխարհային նավթի գների միջև առաջացել է հակասություն: Սաուդյան Արաբիան հնարավորություն ունի ամենաէժան ինքնարժեքով նավթն արդյունահանել և մինչև հիմա իր բյուջեն կարողանում է նավթային եկամուտներով համալրել ու դրանով իսկ պայքար է մղում ամերիկյան թերթաքարային նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների դեմ, ինչը կարող է բերել գլոբալ ճգնաժամի:
Լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Այսօր Չինաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է Ամերիկայի դաշնային պահուստային համակարգին, որ, եթե նման քաղաքականություն տանի, յուանի արժեզրկման միջոցով վերջինս կիջեցնի նրանց բորսայական ինդեքսները»:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին տնտեսական զարգացումներին, տնտեսագետը նշեց, որ որոշակի դրական միտումներ է նկատում բանկային համակարգում՝ համախառն միջազգային պահուստների ավելացման մասով. «2015թ. դեկտեմբերի դրությամբ ունենք 1 մլրդ 771 մլն դոլարի համախառն միջազգային պահուստներ, որը նոյեմբերի դրությամբ 222 մլն-ով ավելացել է: Սա այն պաշարն է, որը հետագայում օգտագործվելու է դրամի արժեզրկման ռիսկերի դեպքում ապահովագրվելու համար: 2015թ. մեր ավանդների աճը կազմել է 125 մլրդ դրամ, այսինքն՝ սա դրական է, որովհետև մարդկանց խնայողություններն են ավելացել, իսկ բացասական է, որովհետև տնտեսության մեջ 125 մլրդ դրամ չի մտել ու գնացել է բանկերին:
Վարկերը կրճատվել են 88 մլրդ դրամով: Այս պահի դրությամբ մեր վարկային պորտֆելը կազմում է 2 տրիլիոն 100 մլրդ, իսկ 2014թ. դեկտեմբերին՝ 2 տրիլիոն 188 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ակտիվացում կա, բայց ամբողջ տարվա կտրվածքով ունենք անկման երևույթներ: Սպառողական վարկերը կազմում են մեր վարկային պորտֆելի մոտ 20-25%-ը, այսինքն՝ մեր վարկային պորտֆելը կարելի է բնորոշել՝ որպես սպառողական վարկային պորտֆեյլ»:
Ըստ տնտեսագետի՝ վարկերի նվազելն ու ավանդների ավելանալը վկայում են ճգնաժամային զարգացումների մասին. «Բանկային համակարգը գտնվում է ռիսկի տակ»:
Տնտեսական խնդիրներից մեկն էլ, ըստ նրա՝ ներմուծման ծավալների աննախադեպ կրճատումն է. «Ներմուծման ծավալները 2015թ. 11 ամիսների ընթացքում կրճատվել են 1 մլրդ 54 մլն դոլարով, արտահանումը կրճատվել է 66 մլն դոլարով: Եթե այս միտումները շարունակվեն, դա համարվում է շոկային երևույթ՝ վճարային հաշվեկշռի առումով: Պետք է փորձենք վերականգնել այն շուկաները, որոնք կորցնում ենք: Պետք է հաշվի առնել նաև մեր հարևանների տնտեսական վատ վիճակը, ինչը թույլ չի տալիս, որ մեզնից շատ ապրանք գնեն: Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակն իր անդրադարձն է ունենում նաև մեր տնտեսության վրա: 0.5 մլրդ-ի չափով ունենք նաև տրանսֆերտների կրճատում, ինչը նշանակում է, որ տրանսֆերտային շոկ էլ ունենք: Մեր բյուջետային համակարգում դեֆիցիտն ավելացել է 54 մլրդ-ով՝ նշված տարեկան ցուցանիշից: 2016թ. պլանավորված է, որ բյուջեի եկամուտները լինելու են ավելի քիչ, քան 2015թ.: Սա նշանակում է, որ ճնշումներ են լինելու մեր բյուջեի վրա»:
Տնտեսագետը նշեց՝ դրական զարգացում է այն, որ 2015թ. նոյեմբեր ամսին մեր պետական պարտքը 13.5 դոլարով նվազել է. «Այսինքն՝ որոշակի ամիսների դրությամբ մեր պետական պարտքը նվազման միտումներ է գրանցում»: