«Ալիևն այն մարդը չէ, որ վտանգի իր ընտանիքին ու գնա նման քայլի». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» ընկերության ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2016թ. հարաբերությունները լարված կլինեն և՛ տարածաշրջանում (Իրան-Սաուդյան Արաբիա), և՛ միջազգային հարթակում (Ռուսաստան-Արևմուտք), և մեզ մոտ՝ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտում:

Ըստ նրա՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունն այսօր հանդես է գալիս Ռուսաստան-Թուրքիա դիմակայությամբ և խիստ վտանգավոր է.

«Այստեղ ամենաշատ վտանգը կա բախումների: Բախումներ ասելով՝ նկատի չունեմ ցամաքային զորքերի պատերազմներ, բայց կետային ընդհարումներ կլինեն Սիրիայում, Հայաստան-Թուրքիա սահմանում: Հայաստան -Թուրքիա սահմանում լարվածությունը կմեծանա, բայց չի վերաճի պատերազմի։ Պատերազմը կընթանա ուրիշի ձեռքերով, այսինքն՝ քրդական գործոնի ապասառեցմամբ»:

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի համար բավականին ծանր ժամանակաշրջան է գալիս, և ըստ նրա՝ եթե խելամիտ աշխատանք տանենք, հայկական գործոնը դարձնենք կարևոր գործոններից մեկը, ապա հնարավորություններ կունենանք բանակցելու։ Նա նշեց, որ համաշխարհային դիմակայության մակարդակի վրա կան մեծ վտանգներ ու մեծ հնարավորություններ մեզ համար:

Պապյանի դիտարկմամբ՝ Իրան-սուննիական աշխարհ կրոնական տարազով հանդես եկող պայքարը պայքար է տարածաշրջանում գերակայության համար:

«Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են գերակա դիրք գրավել Պարսից Ծոցում, իսկ Պարսից Ծոցն աշխարհի համար կարևորագույն տարածաշրջան է, ու Թուրքիան կփորձի Սաուդյան Արաբիայի միջոցով պայքար մղել Իրանի դեմ՝ որպես իր ավանդական մրցակցի և հակառակորդի: Այսինքն՝ Թուրքիայի համար սա ևս մարտահրավեր կլինի: Մենք ունենք մի վիճակ, որ աշխարհի նավթի հիմնական երկու ուղիները կարող են փակվել, և այն երկրները, որոնք շահագրգռված են, որ նավթի գինը բարձրանա, կարող են հանդես գալ՝ որպես բախումների հրահրիչներ: Ավանդական պատերազմի ձևն արդեն վերացել է, հիմա պատերազմն ընթանում է այլ միջոցներով, այսինքն՝ հեռահար հրթիռների կիրառմամբ, փոքր գործողություններով, և այլն»,- նշեց Ա. Պապյանը:

Ղարաբաղյան հակամարտության մասով փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ, և դա կարող է հրահրել, որ Ալիևը գնա փոքր պատերազմի, որպեսզի երկրի ներսում շեղի ուշադրությունը.

«Բայց Ալիևն այն մարդը չէ, որ վտանգի իր ընտանիքին ու գնա նման քայլի։ Եթե իրավիճակը շատ լարվի, ապա Ալիևը «կթռնի» երկրից: Ալիևն այդքան էլ վատ չէ մեզ համար, քանի որ միայն մեծ-մեծ խոսում է»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ կունենանք կայուն լարված իրավիճակ բոլոր երեք մակարդակներում. «Կլինի եզրագծային իրավիճակ, որ ուր որ է՝ մեծ պատերազմ կբռնկվի, բայց մեծ պատերազմ չի լինի: Միակ հնարավորը ռուս-թուրքական բախումներն են, որոնք կարող են տեղի ունենալ Սիրիայի տարածքում, իսկ Հայաստանի սահմանին՝ քիչ հավանական եմ համարում, եթե ռուսները չփորձեն մտնել Թուրքիայի տարածք: Դա էլ քիչ հավանական է, որովհետև, եթե առաջինն իրենք մտնեն, ՆԱՏՕ-ի հետ խնդիր կառաջանա, իսկ եթե Թուրքիան փորձի առաջին քայլն անել, պատասխանը դաժան կլինի»:

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

Տեսանյութեր

Լրահոս