Տոն օրերին փրկարարները կաշխատեն ուժեղացված ռեժիմով
Դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ Քուվեյթում գումարված հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստին։ Հայկական կողմի համանախագահ Ա. Երիցյանը նշեց, որ արդյունավետ աշխատանք է ստացվել, քննարկվել են ավիացիայի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, առևտրատնտեսական, մշակույթի, քաղաքաշինության ոլորտներում համագործակցության բազմաթիվ հարցեր, որոնք առաջիկայում կվերածվեն փոխշահավետ համագործակցության: Ակտիվ աշխատանքներ են նախատեսվում Իրաքի, Եգիպտոսի և Միացյալ Արաբական էմիրությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և Ամանորին ընդառաջ նախատեսվող աշխատանքների մասին: Ս. Ազարյանի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ տոնական օրերին «ՍՊԾ»-ը կիրականացնի ուժեղացված ռեժիմով շուրջօրյա սեյսմիկ հերթապահություն:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ, տոնական օրերին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն կտեղա, իսկ հունվար ամսվա սկզբում կգրանցվի ջերմաստիճանի նվազում:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ ավարտվել են Արագածոտնի և Արմավիրի մարզերի Ճգնաժամային կառավարման կենտրոնների վերազինման աշխատանքները: Մարզային ՃԿԿ-ներն ամբողջությամբ պատրաստ են առավել արդյունավետ աշխատանքի:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև մարզերում և ԼՂՀ տարածքում: