
Իրաքի բանակը ԴԱԻՇ-ից խլել է Ռամադի քաղաքը

Իրաքյան զորքերը երեկ գրավել են Ռամադի քաղաքի նախկին կառավարական համալիրը, որը գտնվում էր ԴԱԻՇ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրաքցի զինվորականներին:
Դա գերազանցապես սուննիներով բնակեցված Ռամադիում ԴԱԻՇ-ի զինյալների վերջին հենակետն էր, որը գտնվում է Բաղդադից մոտ 90 կմ հեռավորության վրա:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԴԱԻՇ-ի զինյալները քաղաքից հեռացել են հյուսիսարևելյան ուղղությամբ:
«Այս համալիրի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է, որ ԴԱԻՇ-ի զինյալները պարտվել են Ռամադիում: Հաջորդ քայլը լինելու է լոկալ դիմադրության ճնշումը, որը կարող է դեռ լինել քաղաքում»,- հայտնել է Իրաքի բանակի ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանին:
«Համալիրը գտնվում է մեր լիակատար վերահսկողության ներքո, այստեղ ԴԱԻՇ-ի զինյալներ չկան»,- հայտարարել է նա Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Ռամադիի գրավումը Իրաքի բանակի ամենանշանակալի հաղթանակներից է 2014 թվականից ի վեր, երբ ԴԱԻՇ-ը գրավեց երկրի տարածքի մոտ մեկ երրորդը:
Ռամադիի ազատագրման օպերացիան սկսվել էր նոյեմբերին, սակայն դանդաղ էր ընթանում: