Բաժիններ՝

«Ո՞ւր է այն մասնագիտական հիմնավորումը, թե ինչու է Կարեն Դուրգարյանը հեռացվել». Ռոբերտ Ամիրխանյան

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեց Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ զրուցելու վերջին օրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների մասին, որի արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։

Հիշեցնենք, որ Օպերային թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արվեստագետների շրջանակներում: Օպերային թատրոնի երաժիշտները տարակուսանքի մեջ են, և այս հանդիպումը նպատակ ուներ լույս սփռելու ստեղծված իրավիճակի վրա:

Ասուլիսին, բացի գլխավոր բանախոս, օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանից, մասնակցում էին նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ինչպես նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Վերջինս իր խիստ մտահոգությունը հայտնեց լուծարված հաստիքի՝ հետագայում վերականգնելու և այնտեղ օտար երկրից հրավիրված գլխավոր դիրիժորի ներկայության հեռանկարի վերաբերյալ. «Ես խիստ մտահոգված եմ, մի՞թե մեզանում չկար արժանի մեկը, որ գլխավոր դիրիժորի պաշտոնին դրսից հրավիրված ինչ-որ մեկի անունն է շրջանառվում: Ինքս առաջինը դեմ դուրս կգամ այս որոշմանը, եթե նման բան լինի, որովհետև համոզված եմ՝ որևէ օտարերկրացի ի զորու չէ, ըստ էության, հասկանալու և ներկայացնելու հայկական օպերային արվեստը»:

Կոմպոզիտորը զարմացած էր նաև այն հանգամանքից, որ նույն թատրոնում տարիներ շարունակ աշխատած և մեծ վաստակ ներդրած գլխավոր դիրիժորին, որը, ի դեպ, ըստ նրա՝ հանրապետության համար բացառիկ արժեքավոր դիրիժոր է, իր հեռացման մասին հայտնում են ծանուցագրով.

Կարդացեք նաև

«Ինչքա՞ն կարելի է մարդուն չհարգել ու թղթով տեղեկացնել, որ նա հեռացված է աշխատանքից: Ո՞ւր է այն մասնագիտական հիմնավորումը, թե ինչու է հեռացվել: Ի՞նչ է՝ փայտիկը ձախ ձեռքո՞վ է բռնել ու սխալ չա՞փ է տվել, արժեքային համակա՞րգն է տուժել նրա գործունեությունից»,- իր վրդովմունքն այսպես արտահայտեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Նա մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ այսօր Օպերային թատրոնը շեղվել է իր բուն ֆունկցիայից: «Ես սպասում եմ, որ այս թատրոնը հարց դնի, թե ինչպե՞ս է շարունակելու այն ավանդույթները, որոնք եկել-հասել են մեզ՝ որպես ազգ: Օրինակ՝ ինձ ոչ մի առաջարկ չի եղել, թե ի՞նչ ստեղծագործություն կարող եմ առաջարկել, որ քննարկեն և ներկայացնեն: Հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի իտալական օպերաներ կամ այլ դպրոցի գործեր ներկայացնեն: Ինչի՞ համար է այս բոլորը, եթե մեր ինքնությունը ներկայացնելու խնդիրը կա»,- եզրափակեց իր խոսքը կոմպոզիտորը:

Վերջում Ռ. Ամիրխանյանը հորդորեց նվագախմբի երաժիշտներին՝ մինչև վերջ պայքարել նախկին գլխավոր դիրիժորի վերադարձի համար. «Վստահաբար այս հարցն այսպես չի կարող մնալ, և մենք մինչև վերջ կպայքարենք ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս