Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի «գիլյոտին» ծրագիրը գործում է օրենքից դուրս

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «գիլյոտին» ծրագիրը հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: ՎՊ-ն անցնող տարում ստուգել է ՀՀ կառավարության աշխատակազմի` «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջետային միջոցների օգտագործումը 2012թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. ապրիլի 1-ը ժամանակահատվածում:

ՎՊ հաշվետվության համաձայն՝ «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ-ն առաջին փուլում պետք է հատկացներ 500.2 հազար եվրո, փաստացի ֆինանսավորվել է 485.1 հազար եվրո: Երկրորդ փուլում նախատեսվել էր հատկացնել 500 հազար եվրո, 20.04.2015թ. դրությամբ ֆինանսավորվել է 300 հազար եվրո: Ընդամենը 785.1 հազար եվրոն հիմնականում ուղղվել է հիմնարկի աշխատողների աշխատավարձի վճարմանը: Հիմնարկի պահպանման ծախսերը (բացի աշխատավարձից) նախատեսվել և ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից: 2013թ. կառավարությունը պահուստային ֆոնդից ԾԻԳ-ին հատկացրել է 21 մլն 550.4 հազար դրամ՝ աշխատակիցների 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների վարձատրության նպատակով: Այդ գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե ԱԶԳ կողմից դրամաշնորհային ծրագրի մնացած 10.0%-ի ֆինանսավորումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Սակայն դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանում՝ 20.02.2014թ. ՀՀ կառավարության ընդունած թիվ 174-Ա որոշմամբ նշված գումարի վերադարձը հետաձգվել է մինչև 20.01.2015թ., իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորվելուց հետո այն ձևակերպվել է հաշվապահական հաշվառման և հաշվետվական կարգի խախտումներով և 2014թ. տարեկան արդյունքներով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված հաշվետվությամբ 21 մլն 550.4 հազար դրամի կրեդիտորական պարտքը չի արտացոլվել: Իսկ արդեն կառավարության 14.05.2015թ. որոշմամբ գումարը բյուջե չի վերադարձվելու:

Հարկ է նշել, որ եվրոյի փոխարժեքի փոփոխության (եվրոյի արժևորման) հետ կապված 2013-2014թթ. հաստիքացուցակներով դրամով նախատեսված աշխատավարձերի չափը ավելացվել է:

ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել նաև հիմնական միջոցների մուտքագրման և հաշվառման հետ կապված: Պարզվել է, որ ՎԶԵԲ-ից ստացված վարկով ձեռք բերված սարքավորումները և գույքը` ընդամենը 42 մլն 822.5 հազար դրամ գումարով, ամրացվել են հիմնարկին: Սակայն պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարման մասին որոշման պահանջը չի կատարվել: Հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը 2014 թ., գույքը շահագործելուց միայն 1 տարի 7 ամիս հետո, զեկուցագրով դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` խնդրելով հանձնարարականը ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանմանը` Հիմնարկի կողմից օգտագործվող գույքը և այլ հիմնական միջոցները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան Հիմնարկին տրամադրելու համար, որը նույնպես չի կատարվել:

Ստացվում է, որ ԾԻԳ-ը անօրինական կերպով օգտագործել է 25 անվանում սարք-սարքավորումներ՝ համակարգչային սարքավորումներ, օդորակիչներ, հեռախոսներ և այլն, 19 անվանում կոշտ և փափուկ գույք՝ կահույք, շերտավարագույր, չհրկիզվող պահարան և այլն: Ընդ որում՝ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Հիմնարկում առկա չի եղել 923.9 հազար դրամի համակարգչային սարքավորում: Այս «գողության» բացահայտումից հետո սարքավորոըմները վերադարձվել են գրասենյակ: ՎՊ-ն ԾԻԳ-ից նաև պահանջել է վերացնել մյուս խախտումները:

Հիշեցնենք, որ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկը ստեղծվել էր՝ ՀՀ օրենքները, այսպես ասած, կարգի բերելու նպատակով, հիմնական նպատակն էր կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ նորմատիվային ակտերի վերանայումը և «ֆիլտրումը», որոնք խոչընդոտ էին ազատ շուկայի սկզբունքներին: Սակայն, փաստորեն, հենց ԾԻԳ-ն է գործում օրենքի դաշտից դուրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս