«Խոսակցությունները, թե Թուրքիան կթիրախավորի Հայաստանը, սպեկուլյացիաներ են». Ջեյմս Ապաթուրայ

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտությունը պետք է գերակա լինի»,- այս մասին հայտարարեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ զսպող գործողություններով հանդես կգա ՆԱՏՕ-ն, եթե, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, ռուս-թուրքական հարաբերությունների հետագա լարման դեպքում Թուրքիան թիրախավորի Հայաստանն ու ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաները:

Հիշեցնենք, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարման ֆոնին մի շարք փորձագետներ չեն բացառում, որ Թուրքիան կփորձի Հայաստանին թիրախավորելով՝ միջամտելով ԼՂ հակամարտությանը, նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ` նրան դնելով կոշտ ընտրության առջև` պաշտպանել Հայաստանին՝ դուրս գալով Թուրքիայի դեմ, կամ չմիջամտել ընդհանրապես:

Ջեյմս Ապաթուրայն ընդգծեց, որ նման բնույթի սպեկուլյացիաներն անօգուտ են: «Ես դրանց համար իրական հիմքեր չեմ տեսնում: Ակնհայտ է, որ թուրքական սահմանի հարավային հատվածում ստեղծված իրավիճակը չափազանց բարդ է, և Սիրիայի ու Իրաքի իրադարձություններն ազդում են Թուրքիայի վրա ամենաանմիջականորեն: Իհարկե, մենք աջակցում ենք Թուրքիային՝ իր ինքնիշխանության և օդային տարածքի պաշտպանության հարցում, ինչպես ցանկացած այլ գործընկերոջ դեպքում: Գործնականորեն մենք աջակցում ենք Թուրքիային իր օդային տարածքի պաշտպանության ամրացման հարցում 2012թ.-ից սկսած:

Գործընկերներն աջակցեցին Թուրքիային այն բանից հետո, երբ խոցվեց իր օդային տարածք ներթափանցած ռուսական ինքնաթիռը»,- նշեց Ջեյմս Ապաթուրայը՝ շարունակելով, որ միևնույն ժամանակ այդ միջադեպն ընդգծում է ոչ միայն վտանգը նվազեցնելուն ուղղված միջոցների և թափանցիկության ապահովման, այլև Անկարայի և Մոսկվայի միջև փաստերի հստակեցման և նման միջադեպի կրկնությունը բացառելու ուղղությամբ քննարկումների անհրաժեշտությունը: Նրա խոսքով, դիվանագիտությունը պետք է գերակա լինի, նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանգստության և իրավիճակի դեէսկալացիայի կոչ է արել:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս