Բաժիններ՝

Միջադեպ 10/24 ընտրատեղամասում. 2 անձ բերման ենթարկվեցին

Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/24 ընտրատեղամասում 2 անձ բերման ենթարկվեցին: «Ժառանգություն» կուսակցութան ներկայացուցիչ Արայիկ Ավագյանի պատմելով՝ մի քաղաքացի սկսել է հարվածել իրեն՝ մեղադրելով նրան իր կնոջը հայհոյելու մեջ:

168.am-ի հետ զրույցում Ա. Ավագյանն ասաց, որ ինքը նստած է եղել, երբ հանկարծակի այդ մարդը եկել ու սկսել է հարվածել: Նա նշեց, որ այդ մարդուն երբևէ չի տեսել ու հանկարծակիի է եկել նրա այդ քայլից: Ա. Ավագյանն ասաց, որ ոստիկանները միջամտելու փոխարեն՝ հորդորել են Արայիկին դրսում առանձին լուծել իր հարցերը: Նրան միայն պաշտպանել է ՀԱԿ-ի վստահված անձ Սյուզան Մարտիրոսյանը, ում ոստիկանները նույնպես փորձում էին բերման ենթարկել:

Ա. Ավագյանին հարվածող անձն էլ բերման ենթարկվելու ընթացքում հայտարարեց. «Հանձնաժողովի անդամը կնոջս հայհոյել է, եթե նման բան չի եղել, ինչու այդքան մարդ թողած՝ հենց իրեն հարվածեցի»:

Լրագրողի հարցին, թե ինչի՞ հետ եք դուք այս միջադեպը կապում, Ա. Ավագյանը պատասխանեց, թե դա պայմանավորված է իր գործունեությամբ է. «Ես փորձել էի անկողմակալությունը ապահովեի: Մի քանի խախտում եմ նկատել, բայց ես փորձել եմ դրանք կանխել»:

ՀԱԿ ներկայացուցիչն էլ ասաց, որ ինքը տեղյալ չէ՝ ինչ եղել, միայն նկատել է, որ «Ժառանգության» այդ ներկայացուցչին սկսել է այդ քաղաքացին հարվածել, ոչ մի ուրիշ բան ինքը չի լսել: Հարցին՝ արդյոք սրանով փո՞րձ է արվում ընտրատեղամասից հանել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց, որ շատ հնարավոր է, քանի որ նրան էլ են ուզում ոստիկանության բաժին տանել, երբ նրան փոխարինող ներկայացուցիչը գա:

Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանն էլ ասաց, որ այդ քաղաքացին «մաքրող է եղել, հայհոյել են, ինքն էլ խփել է, բայց ինքը դա չի լսել». «Այդ քաղաքացին խելոք մարդ է, ինքը չէր խաբի»: Նշենք նաև, որ բերման ենթարկվեցին «Ժառանգության» ներկայացուցիչն ու նրան հարվածող անձը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս