
Մայրը կրծքով կերակրել է 1 ամսական որդուն, քնեցրել, իսկ գիշերը պարզել, որ երեխան մահացել է. պարզվել է երեխայի մահվան պատճառը

Նոյեմբերի 2-ին «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում 1 ամսական երեխայի մահվան դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
«2015թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում բնակվող 1 ամսական երեխայի մահվան մասին: Վաղարշապատի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ երեխայի ծնվելուց հետ սոցիալական ծանր պայմաններում գտնվելու պատճառով մայրը փոքրիկի հետ միասին տեղափոխվել է բնակվելու նշված բարեգործական կազմակերպությունում: Նոյեմբերի 2-ին՝ ժամը 22-ի սահմաններում, մայրը կրծքով կերակրել է որդուն և քնեցրել, իսկ գիշերվա ընթացքում պարզել, որ երեխան մահացել է:
Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանշներ չեն հայտնաբերվել: Արմավիրի մարզի դատական բժշկության բաժնի վարիչի գրավոր բացատրության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գաղտնի թոքաբորբը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում: