Բաժիններ՝

Հասմիկ Պողոսյանը դեմ է Թումանյանի և Սպենդիարյանի արձանների կողքին բիոզուգարաններ տեղադրելու՝ «Նոր Հայաստանի» առաջարկին

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկից հետո ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից «Ազատության» հրապարակում վրաններ տեղադրելու թույլտվություն ստանալու վերաբերյալ Մշակույթի նախարարությանն ուղղված դիմումի ճակատագրին: Այս թեմայով նախարարն անհանգստություն հայտնեց, թե այսօրինակ հավաքների արդյունքում մշտապես վնասված են մնում հուշարձանները.

«Դրանք վնասում են հուշարձանները, որովհետև իրենց առաջարկած վրանները նախատեսվում են տեղադրել «Ազատության» հրապարակում, այսինքն՝ հուշարձանի կողքին: Դուք չե՞ք տեսնում, թե ի՞նչ է լինում: Դուք կարող եք մեր ծառայություններից վերցնեք, թե յուրաքանչյուր, ընդհանրապես էս տարիների ընթացքում այդ բոլոր հանրահավաքների արդյունքում ի՞նչ վիճակում են հայտնվում Օպերային թատրոնի շենքի պատերը, ի՞նչ վիճակում են հայտնվում հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում, և, ի վերջո, մենք ժամանակի մեջ պետք է մտածենք, որ այդ հրապարակը թատերական հրապարակ է ու պետք է ծառայի առաջին հերթին՝ մշակույթին: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հուշարձանների պատվանդանները մենք մի քանի անգամ արդեն վերանորոգել ենք, նրա արդյունքում, որ սարսափելի վիճակում էին: Երբ Մշակույթի նախարարությունը սկսում է պաշտպանել հուշարձանի շահերը, ասում են՝ ինչի՞ եք պաշտպանում հուշարձանի շահերը: Ես կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր տեղը և իր ձևաչափերը, եթե դա պետք է հուշարձանին վնաս հասցնի, ուրեմն ես դրան դեմ եմ:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարող է վրանների տեղադրումը վնասել հուշարձանին, նախարար Հ. Պողոսյանը պատասխանեց, որ խոսքն այս պահին վրանների կամ միայն վրանների մասին չէ. ըստ նրա՝ հանրահավաքի կազմակերպիչների պահանջում էին այլ ենթակառուցվածքներ տեղադրել, որոնց մասին ինքը չի ցանկանում եթերում խոսել:

168.am-ը, այնուամենայնիվ, փորձեց նախարարից ստանալ վրաններին կից ենթակառույցների էության պարզաբանումը և այն, թե ի՞նչն է իրականում նախարարին դրդել մերժել «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից «Ազատության» հրապարակում վրաններ տեղադրելու պահանջը:

Մեզ հետ զրույցում նախարարը մանրամասնեց միայն այսքանը. «Ես դեմ եմ «Ազատության» հրապարակում Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների հարևանությամբ բիոզուգարաններ տեղադրելու՝ նրանց առաջարկին: Ի վերջո, խոսքը միայն վրաններին չի վերաբերում: Դա մշակութային հուշարձան է, և դրա հարևանությամբ բիոզուգարաններ չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ ես չգիտեմ՝ ինչե՞ր կարող են կատարվել այնտեղ գիշերային ժամերին, երբ հուշարձանը վերահսկողությունից դուրս է: Այսքանից ավելի ոչինչ չեմ ուզում ասել, սակայն դուք կարող եք դիմել մեր ծառայություններին, և կստանաք այն պաշտոնական նամակը, որտեղ ներկայացված էին վրանների և այլնի տեղադրման ողջ ցանկը»:

biozugarana

Հիշեցնենք, որ օրերս «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից «Ազատության» հրապարակում վրաններ տեղադրելու թույլտվությունը մերժվել էր ինչպես՝ Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ՝ Մշակույթի նախարարության կողմից: Եվ, չնայած արգելքին, այնուամենայնիվ, «Նոր Հայաստան» շարժումը երեկ երեկոյան հայտարարել էր, որ հանրահավաքից հետո պատրաստվելու են վրաններ տեղադրել հրապարակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս