Սահմանին դիվերսիա կատարելով Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար. armenpress.am
armenpress.am. Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի
հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը:
Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դեկտեմբերի 4-ի գիշերը
Ադրբեջանի կողմից դիվերսիայի հերթական փորձին, որի հետմղման ժամանակ հերոսաբար զոհվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող:
«Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, եւ երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետեւում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, եւ Ադրբեջանն այդպես է պատասխանում այդ հայտարարությանը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպեսեւ կոչ են անում եռանախագահները, միջազգային հանրությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4ին` ժամը 04:30ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց
ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: