Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա դեկտեմբերին. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ և ձեռք բերվել համաձայնություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին: «Ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության` կարվի հանդիպման մասին հայտարարություն համապատասխան ձևով: Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը և առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, և ըստ պայմանավորվածության՝ հայտարարություն կարվի այն ժամանակ, ինչի մասին պլանավորել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: