«Համոզված չեմ, որ իմ կինը կասի «այո», բայց ես, երևի թե, ասեմ «այո»». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության հանրաքվեին արդեն հաշված օրեր են մնացել, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ մնում է սպասել արդեն արդյունքներին։ Բանաստեղծ Հենրիկ էդոյանն առանձնապես չի էլ հետաքրքրվել Սահմանադրության նոր հայեցակարգով, միայն մի բան գիտի, որ ոչ մի սահմանադրություն մեր վիճակը չի փոխի, քանի դեռ չեն փոխվել ժողովրդի, մարդու գիտակցությունն ու հոգեբանությունը, դրանից հետո միայն կփոխվի սահմանադրությունը.

«Այս ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ աշխարհի լավագույն սահմանադրությունն էլ բերես, էլի չի աշխատի, որովհետեւ ամեն ինչի հիմքում մարդն է։ Իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»։ Իսկ թե ինչ է պետք անել մարդկանց բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար, ապա. «Պետք է ընդհանուր կրթություն եւ մի քիչ արդարության զգացում մտնի մարդկանց մեջ, կրթությունը կարեւոր բան է։ Այստեղ լավ-վատ ապրելու հարց չէ, եղել են ժամանակներ, որ մարդիկ ավելի վատ են ապրել, բայց այսպիսի դժգոհություն չի եղել»։

Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը նույնպես շատ չի խորացել նոր Սահմանադրության մեջ, բայց ընդհանրապես ցանկացած հարցում ինտուիցիայով է առաջնորդվում, եւ քանի որ ստաբիլությունն իր համար ավելի կարեւոր է, հնարավոր է, որ Սահմանադրությանն «այո» ասի. «Համոզված չեմ, որ իմ կինը կասի «այո», բայց ես, երեւի թե, ասեմ «այո»։ Դեռ մի քանի օր կա, տեսնենք ինչ-որ բան կփոխվի՞, թե՝ չէ, բայց, բոլոր դեպքում, ինձ թվում է, որ ստաբիլությունն այս պարագայում մեզ համար ավելի կարեւոր է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս