Ամենացուրտ օրը կլինի դեկտեմբերի 6-ին. ե՞րբ են դադարելու տեղումները. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում տեղաց առաջին ձյունը՝ բերելով բազմազան խնդիրներ եւ տրամադրություններ: Ինչպես միշտ որոշ վարորդների համար ձյունը անակընկալ էր՝ դրանից բխող հետեւանքներով: Ճանապարհներին առաջացան խցանումներ, տեղի ունեցան պատահարներ: ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկոյան մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղացած ձյան շերտը Երեւանի բարձրադիր մասերում կազմում է 10-15 սանտիմետր, իսկ ցածրադիր մասերում՝ 5 սանտիմետր: Նա հայտնեց նաեւ, որ դեռեւս չեն կարող գնահատել, թե արդյո՞ք ձմռան 3-րդ օրը տեղումների այս քանակը նորմայի սահմաններում է, թե ոչ: Փոխարենը՝ Սուրենյանից տեղեկացանք, որ Երեւանում պատմության ընթացքում ամենավաղը ձյուն է տեղացել1948 թ. հոկտեմբերի 13-ին, ամենաուշը՝ 1966 թ. փետրվարի 28-ին՝ ձմռան վերջին օրը:

Նշենք, որ այսօր ձյուն է տեղացել Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ երեկոյան 19:00-ի սահմաններում ձյուն չէր տեղացել միայն Մեղրի-Ագարակ հատվածում, սակայն ուշ երեկոյան եւ գիշերվա ընթացքում նաեւ այդ հատվածում էին սպասվում ձյան տեսքով տեղումներ: Այսօր օրվա ընթացքում Հանրապետության բարձրադիր մարզերում ձյան շերտի բարձրությունը անցել է 50 սանտիմետրից: Սուրենյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկա պահին հանրապետության տարածքում գործում է Սկանդինավյան ցուրտ ճակատը: Լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում այսօր նաեւ բուք է գրանցվել եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի համեմատ նվազել է 6-8 աստիճանով:

Դարձյալ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն՝ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 6-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը՝ հատկապես գիշերը շարունակաբար կնվազի եւս 5-7 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի դեկտեմբերի 6-ին. Երեւանում գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի -8…-10, ցերեկը՝ 0…-2 աստիճանի սահմաններում:

Վաղը Հանրապետության արեւելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 5-ին թույլ ձյուն է սպասվում շրջանների մեծ մասում: Դեկտեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 7-8-ին գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը` 6-8 աստիճանով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս