Ի՞նչ է անվանական հոգեհացը և ի՞նչ է պետք անել դրա համար
– Ի՞նչ է անվանական հոգեհացը և ի՞նչ է պետք անել դրա համար:
– Անվանական հոգեհացը շատ լավ ու բարի բարեպաշտական սովորություն է, որով մենք մեր ունեցածից բաժին ենք հանում տվյալ անձի հոգու փրկության համար: Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում պետք է կարողանա միշտ իր ունեցածից բաժին հանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և դա նման է նաև ողորմության: Կազմակերպելով հոգեհաց` մենք ողորմություն ենք տալիս այն մարդկանց, ովքեր հրավիրված են կամ այդ պահին գտնվում են այդտեղ, և նրանք էլ իրենց հերթին` օգտվելով այդ ողորմությունից, ասում են. «ողորմի՛ Աստված»:
Այսինքն` ողորմություն են խնդրում Տիրոջից` նրա հոգու փրկության համար: Հոգեհացի իմաստը, լինի թաղման ժամանակ, թե տարիներ անց, ողորմություն տալն է տվյալ անձի հոգու համար` գանձեր դիզելով երկնքում իր իսկ համար, որովհետև Քրիստոս ասում է. «Գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ գողերը կարող են թալանել և ցեցը փչացնի, այլ գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ գող կա և ոչ ցեց»:
Օրհնությամբ` Տ. Միքայել քահանա Նուրիջանյան
qahana.am