«Սպառողը գիշերը ևս էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարում է ցերեկային սակագնով»

Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց էլեկտրական երկսակագնային հաշվիչների խնդրից. «950 հազար աբոնենտ ունենք, որոնց 1/3-րդն ունի երկսակագնային հաշվիչ, այդ հաշվիչների ժամացույցները շեղված են, ինչը նշանակում է, որ սպառողը գիշերը ևս վճարում է ցերեկային սակագնով»:

Նա նշեց, որ այդ հարցը բարձրացրել ու ներկայացրել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով կազմակերպել մոնիտորինգ, որպեսզի տեսնեն, թե ինչ մեծության խնդիր է դա, բայց նրանց պատասխանել են, որ մոնիտորինգն աննպատակահարմար է.

«Նշել էին` «Նշված խնդրի առնչությամբ մոնիտորինգի իրականացումը համարում ենք աննպատակահարմար, քանի որ, ինչպես ցանկացած էլեկտրոնային ժամացույցի պարագայում՝ էլեկտրոնային հաշվիչի ժամային ցուցիչը որոշակի պարբերությամբ ենթակա է ճշգրտման»: Այսինքն՝ ընդունում են, որ կարող է շեղում լինել: Էլեկտրոնային ցանկացած ժամացույց կարող է 1-2 րոպեի շեղում ունենալ, բայց ոչ՝ 1-2 ժամ: Բացի դրանից, այստեղ նշվում է. «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ժամային ցուցչի ճշգրիտ աշխատանքը կարևոր է երկսակագնային հաշվիչների կիրառման ընթացքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2014թ. հոկտեմբերի 8-ի 379N որոշմամբ, հաստատված էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում մի շարք փոփոխությունների և լրացումների հետ մեկտեղ, 43-րդ հոդվածով պարտավորեցրեց մատակարարին՝ տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել երկսակագնային հաշվիչների ժամացույցները»:

Ստացվում է, որ կարգը կա, բայց, ցավոք սրտի, էլցանցը չի իրականացնում այդ որոշումը, ինչն արդեն խախտում է նրա կողմից: Եթե այդ ճշգրտումներն արվեին, այսպիսի խնդիր չէր առաջանա: Կարող էր մի քանի րոպեի շեղում առաջանալ տարվա ընթացքում, բայց ոչ՝ 1-3 ժամ»:

Կարդացեք նաև

Նա խորհուրդ տվեց սպառողներին՝ հետևել իրենց հաշվիչներին. «Այնտեղ մի քանի ցուցիչներ կան, որոնք ցույց են տալիս՝ ցերեկային սակագնով ծախսը, գիշերային սակագնով ծախսը, ամսաթիվը, հետո նոր՝ ժամացույցը, թող նայեն այդ ժամացույցին, ու, եթե շեղում կա, թող դիմեն էլցանց, որպեսզի գան ուղղեն կամ փոխեն հաշվիչը: Այլ տարբերակ այս պահին չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս