
Պուտինը մեկնաբանել է Սիրիայում թուրքական մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծման մասին լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Ռուսաստանը ռմբակոծել է Սիրիայում գտնվող «մարդասիրական ավտոշարասյունը», հայտնում է ntv.ru-ն:
«Որքան ինձ հայտնի է, այն մարդասիրական կազմակերպությունը, որին հղում են կատարում թուրքական իշխանությունները, արդեն հայտարարել է այն մասին, որ իր ավտոշարասյունն ու իր ներկայացուցիչներն այդ ժամանակ այդ վայրում չեն գտնվել: Եթե այնտեղ եղել է ինչ-որ շարասյուն, ապա, հավանաբար, համապատասխան միջազգային իրավունքի, կարելի է համաձայնեցնել, թե ինչ ավտոշարասյուն է, ուր է գնում ու ինչ է անում: Եթե այդ ամենը չի արվել, ապա մեզ մոտ կասկածներ են առաջանում, թե այդ շարասյունն ամենևին էլ մարդասիրական բեռ չի տեղափոխել: Դա ևս մեկ վկայություն է միջազգային ահաբեկչության գործունեությանը նպաստելու մասին»,- հայտարարել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ երեկ կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռուսական ավիացիան հրթիռակոծել է թուրքական մարդասիրական ավտոշարասյունը, որը օգնություն էր հասցնում Ազազ քաղաքի փախստականներին:
Նշվում էր, որ այդ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է մի քանի բեռնատար ու տարբեր տեղեկությունների համաձայն՝ սպանվել 7 կամ 10 մարդ, հիմնականում ավտոշարասյան վարորդները: