Բաժիններ՝

Սիրիայում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը ռմբակոծության է ենթարկվել ռուսական ավիացիայի կողմից. ԶԼՄ-ներ

Սիրիայի ապստամբները հայտարարում են, որ ռուսական ավիացիան երեկ ողջ օրվա ընթացքում ռմբակոծել է Լաթաքիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք մոտ են գտնվում այն վայրին, որտեղ նախօրեին կործանվել էր ռուսական «Սու-24» ինքնաթիռը:

Ջախիդ Ահմադը՝ տեղի ապստամբների ներկայացուցիչը, ով կապ ունի Սիրիայի ազատ բանակի հետ, հայտարարել է, որ դատելով ամեն ինչից, Ռուսաստանը այդկերպ վրեժ է լուծում իր խոցված ինքնաթիռի համար, հայտնում է Associated Press-ը:

Գործակալությանը տված հարցազրույցում նա հավելել է, որ ռուսական ավիացիան աջակցում է հարձակումներ իրականացնող Սիրիայի կառավարական զորքերին Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչների հետ:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ևս հայտնում է կառավարական ուժերի առաջխաղացումների մասին այդ շրջանում:

Հաղորդվում է, որ Ռուսաստանը նվազագույնը 12 ավիահարված է հասցրել Ջեբել-Ակրադ ու Ջեբել-Թուրքման շրջաններին, որոնք վերահսկվում են ապստամբ թուրքմենների կողմից:
Միաժամանակ, թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ ռուսական ավիացիան հրթիռակոծել է թուրքական մարդասիրական ավտոշարասյունը, որը օգնություն էր հասցնում Ազազ քաղաքի փախստականներին:

Որքան հայտնի է, այդ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է մի քանի բեռնատար ու տարբեր տեղեկությունների համաձայն՝ սպանվել 7 կամ 10 մարդ, հիմնականում ավտոշարասյան վարորդները: Այս մասին հայտարարել են իրավապաշտպանները:
Թուրքական Hurriyet-ը մեջբերում է սիրիացի ապստամբների դաշտային հրամանատարներից մեկի՝ Զեքիրի Կարսլիի խոսքերը, ով նշում է, թե ավտոշարասյունը ռմբակոծել են հենց ռուսները:

Ռուս զինվորականները դեռ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս