Բաժիններ՝

«Գեոթիմը» շարունակում է լայնամասշտաբ ներդրումները հանքի շրջակա համայնքներում

«Գեոթիմ» ՓԲԸ-ն դեռևս չի սկսել Ամուլսարի շահագործումը, սակայն 2007 թվականից սկսած ընկերությունն արդեն ավելի քանի 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել հանքի շրջակա համայնքներում, իսկ միայն` 2015 թվականին` 240 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գեոթիմի» սոցիալական ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանը` նշելով, որ յուրաքանչյուր տարի իրենք նախօրոք պլանավորում են, թե հաջորդ տարվա համար ինչ ծրագիր պետք է իրագործեն։

«Մենք ունենք մի քանի ուղղություններ, որոնք որդեգրել ենք. դրանց մեջ մտնում են և՛ ենթակառույցները, և՛ կրթությունը, համայնքային զարգացման ծրագրերը, առողջապահությունը»,- ասաց Ն. Ղազարյանը։

Նշենք, որ այս տարի գործարկվեց Գնդեվազ համայնքում կառուցված չրանոցը, որի ստեղծման համար «Գեոթիմը» ներդրել է մոտ 70 հազար ԱՄՆ դոլար` տրամադրելով չիր արտադրող երկու ժամանակակից սարք և փաթեթավորման սարքավորում։ Բացի այդ, ընկերությունը վերապատրաստման և դասընթացների շարք է անցկացրել` ուղղված տեղի կարողությունների զարգացմանը։

geo (7)

Կարդացեք նաև

Գնդեվազ գյուղի բնակիչ, ծրագրի համակարգող Արտակ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց` քանի որ առաջին անգամն է, որ չիր են պատրաստում, շուկան դեռ Երևանն է։ «Մոտավորապես 2.5 տոննա ծիրան ենք ներմուծել, որից ստացել ենք մոտավորապես 600 կիլոգրամ ծիրանի չիր։ 600 կիլոգրամ սև սալորից ստացել ենք մոտավորապես 100-120 կիլոգրամ չիր։ Հիմնականում մեր գյուղից չենք մթերել ծիրանը, քանի որ մեր գյուղում մի քիչ ուշ է հասնում, դրա համար բերել ենք Հոկտեմբերյանի շրջանից, Արարատից, Սուրենավանից։ Դա շատ մեծ բան տվեց մեր գյուղին, գյուղացիներին, աշխատատեղեր բացվեցին, կոոպերատիվի անդամները 12-ն են»,- ասաց Ա. Համբարձումյանը։

geo (8)

2015 թվականի «Գեոթիմի» իրականացրած ծրագրերից է նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հետ համատեղ Ջերմուկի հրշեջ կայանի ջրատարի վերանորոգումը և ավտոկայանատեղի ջերմամեկուսացումը։

Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ռոման Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ ծրագրի շնորհիվ ջրի խնդիրն իրենց մոտ լուծվել է։ «Ջրավազանը դրսում է, իսկ հիմնական խնդիրը հիդրանտն էր, որը նույնպես դրսում էր, բայց բերվեց ներս։ Ջրի խնդիրը լուծվեց, հիմա ձմռան ամիսներին մենք կարողանում ենք ջուր ունենալ»,- նշեց Ռ. Դանիելյանը` որի խոսքով` այդ հրշեջ կայանից օգտվում են մի քանի հարակից համայնքներ` մոտ 10 հազար բնակչությամբ։ Նշենք նաև, որ այս ծրագրի համար «Գեոթիմը» տրամադրել է մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլար։

geo (6)

Ջերմուկում «Գեոթիմի» իրականացրած ծրագրերից է նաև քաղաքի արվեստի դպրոցի վերանորոգումը։ Դպրոցի տնօրեն Խաչիկ Ենոքյանը նշեց, որ «Ջերմուկը երազում էր այսպիսի դպրոց ունենալ». «Դպրոցն անճանաչելիորեն փոխվել է, հին դպրոցից ոչինչ չի մնացել։ Մի քանի տարի առաջ, երբ մենք աշակերտներին գտնում էինք դրսից, խնդրում էինք, բերում էինք, որ թիվ ապահովենք, այժմ մենք դրա կարիքը չունենք, իրենք են գալիս, նույնիսկ այնքան շատ են գալիս, որ մենք մերժում ենք»։

2015 թվականին ընկերության աջակցությամբ Ջերմուկում իրականացվեց բնապահպանական և աշխատանքային հմտությունների ևս մեկ ծրագիր` տեղական «Զանգակատուն» բարեգործական հ/կ-ի հետ։ Այդ կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 2015 թվականի մարտ ամսից Ջերմուկ քաղաքում մեկնարկեց «Երեկվա թափոնն այսօրվա հուշանվեր» ծրագիրը, որն ուներ հիմնականում երկու նպատակ. «Առաջինը, որպեսզի կանայք, երիտասարդ աղջիկները սովորեն պոլիէթիլենային տոպրակները վերածել պիտանի իրերի` պատրաստեն կենցաղում օգագործվող իրեր, նաև հուշանվերներ, որոնք կարող էին և՛ վաճառել, և՛ նվիրել, և՛ կրել, երկրորդ` որ համայնքում ձևավորվի բնապահպանական մտածելակերպ բնակչության մոտ։ Իրերը պատրաստվում են օգտագործված և մշակված պոլիէթիլենային տոպրակներից, որը մենք ինքներս ենք հավաքում»։

geo (5)

Նշենք, որ մեր այցելության ժամանակ մեզ ներկայացրեցին մոտ 35-40 դպրոցականների, ուսուցիչների, ծնողների ձեռքի աշխատանքները։ Նրանք պոլիէթիլենային տոպրակներից պատրաստել էին բազմապիսի պարագաներ` զարդեր, զարդատուփեր, տոնածառներ, տոնածառի խաղալիքներ, պայուսակներ և այլն։ Այս ծրագրի համար «Գեոթիմը» ներդրել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։

Ի դեպ, «Գեոթիմն» այն քիչ թվով ընկերություններից է, որոնք լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր են իրականացնում մինչև եկամուտ ունենալը։ Որոշ մարդկանց մոտ այս իրողությունը հարցեր էր առաջացնում, և «Գեոթիմի» տնօրեն Հայկ Ալոյանն այս տարվա օգոստոսին խոսել էր այս մասին։ Նա նշել էր, որ թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական ծրագրերի դեպքում սկզբունքը նույնն է` կանխարգելել հնարավոր բացասական ազդեցությունները և մեխանիզմներ ստեղծել` դրական ազդեցությունները բազմապատկելու համար։ «Իսկ դա պետք է պատշաճ ծրագրել և սկսել իրականացնել հանքի գործունեությունից առաջ։ Այսպես, օրինակ` հանքի գործունեության ընթացքում Ամուլսարի համայնքների բնակիչների մի մասը զբաղված է լինելու հանքում։

geo (1) geo (3)

Միաժամանակ կարևոր է նպաստել, որ տնտեսության մյուս ճյուղերը նույնպես շարունակեն զարգանալ, և բնակչության այն հատվածը, որ ցանկանում է զբաղվել գյուղատնտեսությամբ, նման հնարավորություն ունենա։ Դրա համար պետք է արդեն այսօր միջոցառումներ ձեռնարկել»,- ասել էր ընկերության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս