«Այո»-ն կհաղթի. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ պետք է ողջունել «Այո»-ի ու «Ոչ»-ի միջոցառումը. «Առաջին անգամ է մեր նորագույն պատմության մեջ, երբ երկու հակադիր կողմերի ներկայացուցիչները նույն ավտոբուսով ճանապարհ են գնում: Այս շրջագայությունը շատ մեծ բան է տալիս, որովհետև նույն մեքենայում մարդիկ ունեն տարբեր հայացքներ: Երբ ընդդիմության մի հատվածը հայտարարում է, որ չպետք է մասնակցի, կոպիտ սխալ է կատարում, որովհետև այնտեղ ընդդիմությանը սպասում են և նույնիսկ ազգանուններ են տալիս՝ հարցնելով, թե ինչո՞ւ այս մարդիկ չեն մասնակցում»:

Նա նշեց, որ շրջայցերի ժամանակ անտարբերության մթնոլորտը հսկայական է. «Մարդիկ ոնց որ հավատներն ամեն ինչի հանդեպ կորցրած լինեն, որովհետև չեն հավաքվում: Հանդիպումներին գալիս են դպրոցների տնօրեններն իրենց կոլեկտիվով: Նույնիսկ ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ն չի կարողանում գոնե ձևական մարդկանց քանակն ապահովել»:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է շփվի մարդկանց հետ. «Սա լավագույն առիթն է մարդկանց հանդիպելու, լսելու: «Այո»-ն կանցնի, որովհետև մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն Սահմանադրությունից: Այս Սահմանադրությունը ժողովրդի վզին փաթաթված է դրսից, որովհետև հետագայում մեր երկիրն այս Սահմանադրությամբ կհանձնվի արտաքին կառավարման, բացի այդ՝ սա ՀՀԿ-ին հնարավորություն է տալիս ամրագրել իշխանությունը, քանզի Սերժ Սարգսյանն իրավունք չունի վերընտրվելու, և այս պարագայում ակնառու է, որ դա կհավերժացնի ՀՀԿ-ի իշխանությունը: Սակայն, ինչպես նշեցի, այս Սահմանադրությունը կանցնի»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հավելեց, որ ընդդիմությունը չի ուզում «ոչ»-ի հստակ քարոզարշավ տանել։ «Նրանք հերթական անգամ առիթ են գտել իշխանություններին քննադատելու ու բովանդակայինի մեջ շատ քիչ են մտնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս