Հայրիկյանը կոչ է անում ՀՀԿ-ին նոյեմբերի 27-ին միանալ իրենց
«Սահմանադրությունն այն օրենքն է, որին, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առնվազն հարգանքով վերաբերվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ երբ 1995 թվականին ընտրվեց Սահմանադրությունը, այն պետք է երաշխավորեր մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, ու նա կարծում է՝ այս առումով բավականին հաջողություններ ունենք արձանագրած. «Սակայն դրանք այնպիսիք չեն, որ կբավարարեն մեզ, ՀՀ քաղաքացիներին, ահա թե ինչու է անհրաժեշտություն առաջացել փոխել Սահմանադրությունը: Կարծում ենք՝ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում՝ կապահովվի այս հիմնական խնդրիների առավել արդյունավետ լուծումը»:
Ասուլիսին ներկա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներին մասնակցում է մեծագույն տհաճությամբ. «Որովհետև սիրտս ցավում է, որ որևէ հայրենակցի հետ պետք է խոսեմ նյութի մասին, որի բացասական ընթացքի հետ գուցե ինքը կապ չունի»:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ գաղտնիք չէ, որ այս սահմանադրական բարեփոխումների գործընթացը գործող Սահմանադրության խախտումներով է կատարվում: «Այսօր և՛ «այո» ասողները, և՛ «ոչ» ասողներն ավելի մեծ խնդիր ունեն՝ կարելի՞ է գնալ սահմանադրական բարեփոխումներին, երբ այդ ամենը տեղի է ունենում գործող Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, մենք արդեն դատական գործեր ենք սկսել: Թողնենք մի կողմ Սահմանադրության բովանդակությունը, մենք ասել ենք, որ ԱԻՄ-ն այլընտրանք է ներկայացրել, բայց Գագիկ Հարությունյանն ասել է՝ այլընտրանք չկա: Իմ զրուցակիցը դրանում մեղք չունի, գուցե մնացած «այո»-ներն էլ մեղք չունեն, բայց որևէ պարկեշտ մարդ չի կարող գնալ հանրաքվեի ու ասել՝ «այո», կարող են ասել՝ կողմ եմ այս փաստաթղթին, բայց չեմ կարող կողմ լինել, որ Սահմանադրությունը խախտվի, ինչպես հիմա է արվում»:
Պ. Հայրիկյանը նշեց, որ իրենք նախագահին էլ են դիմել, որ խախտում է տեղի ունեցել, որ իրենց տարբերակն էլ նայեն, նոր գնան հանրաքվեի. «Այլապես, եթե լինի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, մեր քաղաքական կյանքում մի խայտառակ բան է տեղի ունենալու»:
Ա. Դավթյանը նշեց, որ կարծում է՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն իրենց շուրթերից կհնչեցնեն այդ հարցի պատասխանը, որը Պ. Հայրիկյանն է բարձրացնում:
ԱԻՄ առաջնորդն էլ իր հերթին՝ կոչ արեց նոյեմբերի 27-ին բոլորին, այդ թվում նաև՝ ՀՀԿ-ին, մասնակցել իրենց հանրահավաքին. «Ամսի 27-ին կոչ եմ անում բոլորին գալ՝ մեզ միանալ, ՀՀԿ-ին էլ եմ կոչ անում միանալ մեզ, որ արդար գործընթաց իրականացնենք: Այսօր ես ստիպված եմ «ոչ» ասել հանցավոր գործընթացին»:
Հարցին, թե արդյոք Ա. Դավթյանը պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԻՄ առաջնորդի հանրահավաքին, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես ՀՀԿ անդամ եմ ու պարտավոր եմ հարգել իմ կուսակցության բոլոր որոշումները: Ես ցավում եմ, որ ԱԻՄ-ն այսօր խորհրդարանական ուժ չէ, ու իր քաղաքական կշիռը թերարժևորված է»: