Ռոբերտ Քոչարյանը խոստանում է վերադարձնել տոնը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը։ Նախկին նախագահի արտահայտած մտքերի շուրջ հասարակության հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել, սակայն DW-ի այս հարցազրույցը մի տեսակ ավելի «մտածված» մատուցվեց։

Նախ` նշվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, և հրապարակվեցին համր կադրեր։ Սա անոնսն էր։ Հետո հրապարակվեց հարցազրույցը։ Իսկ հետո պարզվեց, որ այն ամբողջական չէր, և հրապարակվեց ամբողջական հարցազրույցը։ Այնպիսի տպավորություն էր, որ նախկին նախագահի թիմն ամեն ինչ անում է, որ այս հարցազրույցն ավելի մեծ հնչեղություն ունենա, և այն մատուցեց առանձին չափաբաժիններով, որպեսզի հասարակությունը հասցնի իրազեկվել և «մարսել»։ Նման կերպ վարվում են, երբ հարցազրույցը չափազանց լուրջ մեսիջ է պարունակում։
Առանցքային թեման, բնականաբար, սահմանադրական փոփոխություններն էին, և նախկին նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է իր բացասական վերաբերմունքը դրանց նկատմամբ։ Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող և այլ թեմաներ։ Նախկին նախագահը խոսել է անգամ իր` սպորտի նկատմամբ ունեցած սիրո մասին։

Սակայն հարցազրույցում ավելի շատ շոշափվում է նախկին նախագահի ամենասիրած թեման` տնտեսությունը։ Ուշադիր կարդալու դեպքում պարզ կդառնա, որ հարցազրույցը ծայրից ծայր քննադատություն է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ։ Ու դա արտահայտվում է նախևառաջ` ԵՏՄ-ին վերաբերող հարցուպատասխանների մեջ։

Ի դեպ, որքան էլ զարմանալի լինի, ԵՏՄ-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն ավելի սուր են ու օբյեկտիվ, քան ընդդիմադիր ուժերից շատերինը։ Ճիշտ է` Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով չի հայտարարում, որ ԵՏՄ-ին անդամակցելը սխալ էր (թեպետ ասում է, որ մեկ օրվա մեջ կայացված որոշումն իր համար անսպասելի էր և անլուրջ տպավորություն էր թողնում), սակայն քննադատում է այդ անդամակցության փաստացի արդյունքները։ Ավելի ճիշտ կլինի ասել` այդ արդյունքների բացակայությունը։

«Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու։ Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը` փոքրացավ։ Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը։

Նախկին նախագահը թեպետ նշում է, որ սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար, սակայն, ըստ էության, գնահատական է տալիս` ասելով. «հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ»։

Ավելին, Ռոբերտ Քոչարյանն առանձնապես լավատես չէ այս հարցում և շեշտում է` ինչի կհանգեցնի այդ ամենն ապագայում` կարելի է ենթադրել։ Մի խոսքով, ըստ ՀՀ նախկին նախագահի, ամեն ինչ վատ է, ԵՏՄ-ն մեզ ոչինչ չտվեց և դժվար էլ տա։ Իսկ ինչո՞ւ։

Ահա այստեղ Ռոբերտ Քոչարյանը բավականին հետաքրքիր է արտահայտվել։ Մի կողմից` նա նշել է արտաքին օբյեկտիվ պատճառների և իրադարձությունների մասին, որոնք «արմատապես փոխեցին իրավիճակը»` դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը, ռուսական արտադրողների մրցունակության աճը, պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ակտիվ ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ, և այլն։

Սակայն օբյեկտիվ ու արտաքին գործոններն ամենակարևորը չեն։ Մեր դժբախտությունների պատճառը Ռոբերտ Քոչարյանն այլ տեղ է տեսնում` Հայաստանի ներսում։ Ավելի կոնկրետ` Բաղրամյան 26-ում և Կառավարությունում։

Քննադատությունը մեղմ սկսվում է և գնալով կոշտանում։ Այսպես, ԵՏՄ-ից ակնկալվող ու չստացված օգուտների մասին խոսելուց հետո Ռ Քոչարյանն ասում է. «Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանք մեզ որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու։ Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր։ Պետք է ջանասիրաբար աշխատել ու ստեղծարար մոտեցում ցուցաբերել»։

Այսինքն` անուղղակիորեն ասում է, որ ներկայիս իշխանությունները ջանասիրություն ու ստեղծարար մոտեցում չեն ցուցաբերում։

Հետո արդեն կոնկրետացնում է` այդ ջանքերը պետք է այստե՛ղ գործադրվեն։ Ու ուղղում է քննադատության երկրորդ չափաբաժինը, այս անգամ` արդյունավետության հետ կապված.

«Ուր էլ որ անդամակցես` քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը։ Միություններին պարզապես անդամակցելով` հարցերը չեն լուծվի։ Իրավիճակը փոխվում է, ու այդ նոր իրավիճակում պարզվում է, որ հետամնաց ես։ Այսօր պետք է հենց այս իրավիճակում առավել ակտիվ ու ստեղծարար կերպով աշխատել, ճանապարհներ ու ելքեր փնտրել, պայմաններ ստեղծել հայկական բիզնեսի համար։ Սխալ էր տեղի ունեցածը, թե ոչ` միևնույն է, պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր բիզնեսը հնարավորություն ստանա գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ»։

Սակայն սա էլ ամենը չէ։ Քննադատության վերջին հատվածը շատ ավելի կոշտ է։
Նախ` Ռ.Քոչարյանը գործող իշխանություններին (մասնավորապես` երկրի նախագահին) մեղադրում է անլրջության մեջ։ «Մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը` մեկ օրում կատարված` եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում»,- ասում է նա` խոսելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ի մասին, երբ հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին։

Իսկ հետո, խոսելով սոցիալ-տնտեսական պայմանների մասին, ասում է. «Գիտե՞ք, շատ հեշտ է ամենը բացատրել ինչ-որ օբյեկտիվ գործոններով, օրինակ` ճգնաժամերով։ Տարեկան 7.5 տոկոսով պարտքով փող վերցնել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար և հաջողությամբ երկիրը գցել պարտքերի փոսի մեջ (ի միջի այլոց` դա հենց այն է, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի, հայկական տնտեսության հետ)»։

Ավելին, Ռ Քոչարյանն իշխանություններին անուղղակիորեն մեղադրում է ընդդիմադիր դաշտի փոշիացման մեջ, որը չէր կարող բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Ցանկացած իշխանություն առանց լուրջ ընդդիմության, առանց լուրջ բողոքող վեկտորի` կորցնում է իր արդյունավետությունը, այն չի կարող էֆեկտիվ աշխատել, դա փաստ է»։

Հիմա եկեք ամփոփենք` ինչ է ասում նախկին նախագահը։ Նա ասում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ընդունակ չէ ջանասիրություն ու ստեղծարար մոտեցում ցուցաբերել, բիզնեսի համար նորմալ պայմաններ չի ապահովում, անարդյունավետ է, անլուրջ։ Որ ներկայիս իշխանությունը հաջողել է միայն հետևյալ հարցերում` երկիրը գցել պարտքային փոսի մեջ, փոշիացնել քաղաքական դաշտը և Հայաստանը վերածել Ռուսաստանի վասալի։ Եվ, որ այսօրվա իշխանության միակ նպատակը վերարտադրվելն է` սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Նախկին նախագահի ասելիքը մեկ նախադասությամբ հետևյալն է` Հայաստանում բոլորը սխալ են` և իշխանությունը, և ընդդիմությունը, և հասարակությունը։ Իսկ ո՞վ է ճիշտ։ Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ուղիղ տեքստով չի ասում` ես (ընդհանրապես, այս հարցազրույցում նա մի քանի անգամ խուսափում է ուղիղ պատասխաններից և պատասխանը թողնում հարցազրուցավարին)։

Սակայն նրա ամբողջ խոսքը տանում է մեկ գլխավոր մտքի` ճիշտը միայն ինքն է եղել, կա ու կլինի։ Ու անկախ նրանից` ինչ վիճակում ենք ու ինչ կառույցի անդամ ենք, միայն ինքը կարող է ճիշտ քայլեր կատարել ու երկիրը փոսից հանել, առաջ տանել, ապահովել խոստացված տոնը` բիզնեսմենների ու քաղաքացիների համար։ Ու դրա համար ոչինչ փոխել պետք չէ` ոչ Սահմանադրությունը, ոչ արտաքին քաղաքականության վեկտորը, ոչ մնացած գործոնները…

Ի դեպ, հարցազրույցի վերջում Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ նախագահ լինելով` ինքը սպորտով զբաղվելուն նայել է` որպես աշխատանքի մի մաս. «Ես հասկանում էի, որ, եթե ես չմարզվեմ, ապա ավյունս այն չի լինի, տոկունությունն այն չի լինի։ Աշխարհի ընկալումը լրիվ այլ կլինի, այդ ամենը շատ լավ օգնում է։ Ես կարծում եմ, որ այն, ինչ մեր գլխում է, և այն, թե ինչպես է գործում մեր մարմինը` սերտ կապակցված է»։ Ու ավելացրել է, որ ինքը հիմա ավելի շատ ժամանակ և ցանկություն ունի սպորտով զբաղվելու։ Այսինքն` հիմա ավելի տոկուն է, ավյունով լեցուն։

Կարճ ասած, Ռ Քոչարյանը հերթական անգամ բավականին թափանցիկ ակնարկում է, որ ինքը պատրաստ է տեր կանգնել «անտեր մնացած զանգվածին»։ Պատրաստ է բոլոր առումներով, այդ թվում` ֆիզիկապես։ Ի վերջո, այդ ավյունը կուտակվել է, և շռայլություն կլինի այն ի շահ երկրի չօգտագործելը։ Միայն մեկ հանգամանք կա, որը կարող է խանգարել այս առաքելության իրականացմանը` «անտեր մնացած ընտրազանգվածի» հիշողությունը։

Այո, Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատությունների հետ դժվար է չհամաձայնել։ Սակայն հենց այդ տարիների քաղաքականության պտուղներն ենք մենք այսօր քաղում` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթության մեջ։ Այնպես որ, հիշողություն ունեցող զանգվածի համար սա ոչ թե քննադատություն է, այլ ինքնաքննադատություն։

Տեսանյութեր

Լրահոս