
ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են առաջնագիծ

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր:
ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում եւ ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:
Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու եւ մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր եւ առաջնագիծ տեղի են ունեցել նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում եւ նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում եւս: