«ՀՀ ղեկավարությունը ներքաշվում է երկրի ռազմական ինքնուրույնությունը վտանգող հերթական նախագծում». Մուշեղ Մկրտչյան
Հարցազրույց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանի հետ:
– Պարոն Մկրտչյան, օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է կայացրել ստորագրել Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին համաձայնագիր: Ի՞նչ է իրենից ենթադրում այդ համաձայնագիրը, և ինչո՞ւ հենց հիմա նման որոշում կայացվեց, երբ տարածաշրջանում խառնակ վիճակ է:
– ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անմիջականորեն լրացնում է Հայաստանի անվտանգությունը ՌԴ-ի հետ համատեղ ապահովելու պայմանագրի ռազմական բաղադրիչը և շարունակում է ՀԱՊԿ անվտանգության համակարգի ներքո ՌԴ-ի կողմից առաջնորդվող ԱՊՀ-ի և ԵՏՄ-ի փոխկապակցման քաղաքականությունը: Այս համաձայնագիրը նախապատրաստելու մանդատը հաստատվել էր ՌԴ նախաձեռնությամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում:
ՀՀ և ՌԴ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծումը համահունչ է տարածաշրջանում ամրապնդվելու և ընդլայնվելու մասին Պուտինի արած հայտարարությանը՝ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազա կատարած այցի ընթացքում: Հատկանշական է, որ Համաձայնագիրը ստորագրման է նախապատրաստվում մի ժամանակահատվածում, երբ նոր զարգացումներ են ակնկալվում ԼՂ խաղաղ կարգավորման բանակցություններում, իսկ ՌԴ-ն Սիրիայում ռազմաօդային գործողություններ է իրականացնում։ Եվ պատահական չէ, որ համաձայնագիրն իրավական հիմք է ստեղծում ՀՀ և ՌԴ սահմաններում՝ անհրաժեշտության դեպքում կիրառել ոչ միայն՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը:
– Որքանո՞վ է տվյալ համաձայնագիրը համապատասխանում կամ հակասում ՀՀ շահերին և հետաքրքրություններին:
– Երկրի անվտանգությունն ապահովել այլ երկրի հետ միասին, նշանակում է՝ անվտանգության խնդիրների համատեղ լուծման նպատակով որոշումների համատեղ ընդունման մեխանիզմի գոյություն։ Նույնը՝ անվտանգության գլխավոր երաշխիք համարվող Զինված ուժերի համատեղ օգտագործման մասին տվյալ ՀՕՊ համաձայնագրում։ Ինչպե՞ս են ընդունվում գնահատականները և դրանից բխող գործողությունների մասին իրավական որոշումները՝ կոնկրետ միջադեպերի, սպառնալիքների, ճգնաժամային իրավիճակների ժամանակ։ Արդյո՞ք որոշումներն ընդունվում են ՀՀ և ՌԴ կողմերի կոնսենսուսային համաձայնությամբ։ Իսկ ի՞նչ է նախատեսվում՝ օրինակ, մի հիպոթետիկ իրավիճակում, եթե կողմերից մեկը համաձայն չէ թռչող օբյեկտների կողմից սահմանի խախտման դեպքում դրանց ոչնչացմանը։
Համընդհանուր մատչելի ինֆորմացիոն աղբյուրներում նման տեղեկատվություն մատչելի չէ։ Մնում է ենթադրել՝ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև որոշումների կայացման ընթացիկ միտումների և վերջերս արձանագրված սահմանախախտության փաստերի օրինակով։ Այսինքն՝ ինչպես կորոշի ռուսական կողմը։ Ակնհայտ է, որ Հայաստանը չունի անհրաժեշտության դեպքում ՀՕՊ ուժերի օգտագործման ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։ Հեռանկարում, ՀՕՊ համատեղ ապահովման դեպքում կրճատվում է նաև սեփական ՀՕՊ ուժերի ստեղծման հնարավորությունը։
Համաձայնագրի արտաքին քաղաքական նշանակությունն ուշագրավ բովանդակություն ունի։ Միջադեպերի և լարված իրավիճակների դեպքում, ընդհանրապես, համաձայնագիրը գործում է նաև ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի համար։ Իսկ ԱՊՀ-ն առանձնահատուկ է Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությամբ։ ԱՊՀ-ն իր հերթին՝ բացառում է ՀԱՊԿ միջամտությունն ԱՊՀ անդամի դեմ գործողություններում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի։ Ստացվում է՝ ինչպես միշտ։ ԼՂ շուրջ լարված իրավիճակների, նույնիսկ զինված գործողությունների վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն ի պաշտպանություն ԼՂՀ-ի չի միջամտելու, սակայն դա չի բացառում՝ որպես խաղաղարար, զինված ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, այս համաձայնագրով իրավական հիմք ստեղծվեց 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերին ի լրումն՝ ՀՀ տարածքում լեգիտիմացնել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերի ներգրավումը։ ՀՀ-ն և ՌԴ-ն ընդհանուր օդային սահման չունեն։ Ռազմաբազայի և Հարավային օկրուգի օդուժի կապը կարող է միայն իրականացնել հարևան երկրների օդային սահմաններով։
– Հնարավո՞ր է, որ այս համաձայնագրով Ռուսաստանը մեզ ներքաշի նաև սիրիական գործողությունների մեջ:
– Աշխարհագրորեն 102-րդ ռազմաբազան կարող է տրանզիտային նշանակություն ունենալ Սիրիայում գործող ռուսական օդուժի համար։ Ինչպիսի՞ արձագանք կառաջացնի այդ հանգամանքը միջազգային հանրության մոտ, ճգնաժամում ընկղմված մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում, չի՞ սադրի, արդյոք, ահաբեկչական խմբավորումներին։
Այսպիսով, ՌԴ-ն հերթական քայլն է կատարում իր կողմից փաստացի ղեկավարվող տնտեսական կառույցները՝ ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ռազմական հովանու ներքո տեղավորելու և ԱՊՀ տարածքում նոր միութենական պետություն ստեղծելու ուղղությամբ, իսկ ՀՀ ղեկավարությունը բավարար քաղաքական կամք և ռեսուրսներ չունի երկրի տնտեսական և ռազմական ինքնուրույնությունը պաշտպանելու համար և ներքաշվում է երկրի ռազմական ինքնուրույնությունը վտանգող ու արտաքին քաղաքականության համար խնդրահարույց հերթական նախագծում: