ՄԻԵԴ հերթական վճիռը՝ Հայաստանի դեմ. դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է վճարել 3000 եվրո

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Երեկ դատարանը հրապարակել է «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում՝ ազատության իրավունք: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3000 եվրո վճարել Հայկ Սահակյանին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Ըստ ՄԻԵԴ վճռի՝ դիմումատու Հայկ Սահակյանը ծնվել է 1983թ.: 2007թ. օգոստոսի 30-ին նա ձերբակալվել է, ապա մեադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: 2007թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է: Սեպտեմբերի 28-ին նույն դատարանի որոշմամբ՝ նրա կատմամբ գրավ է կիրառվել: Հոկտեմբերի 4-ին քննիչը որոշել է չեղյալ համարել գրավի դիմաց ազատ արձկելու մասին որոշումը և հիմք ընդունել սեպտեմբերի 1-ի՝ Հայկ Սահակյանին կալանավորելու մասին որոշումը:

Հոկտեմբերի 22-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սահակյանի բողոքի հիման վրա որոշել է վերացնել քննիչի որոշումը և ազատ արձակել Հայկ Սահակյանին: Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ կալանավորման որոշումը կարող էր կայացվել միայն դատարանի որոշմամբ և որ քննիչը գերազանցել է իր լիազորությունները: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ քննիչի որոշմամբ խախտվել են Հայկ Սահակյանի իրավունքները:

2007թ. դեկտեմբերի 13-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Հայկ Սահակյանին. 2008թ. մարտի 28-ին վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ էր թողել դատավճիռը: 2009թ. ապրիլի 21-ին դիմումատուն քաղաքացիական գործընթաց է սկսել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ՝ պահանջելով նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում: 2009թ. սեպտեմբերի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել հայցը բնյութական վնասի մասով և որպես փոխհատուցում սահմանել 215.100 դրամ: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարանը թողել էր առանց քննության՝ այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությունը փոխհատուցման այդ տեսակը չի նախատեսում:

Կարդացեք նաև

2009թ. հոկտեմբերի 16-ին Հայկ Սահակյանը բողոք է ներկայացրել, բողոք է ներկայացրել նաև ֆինանսների նախարարությունը. դատարանը մերժել է Հայկ Սահակյանի բողոքը, բավարարել ֆինանսների նախարարության բողոքը, որպես նյութական վնասի փոխհատուցման չափ սահմանելով 96.800 դրամ: Ոչ նյութական վնասի հատուցման հարցը չի քննվել՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում:

2009թ. դեկտեմբերի 14-ին Հայկ Սահակյանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան, որը 2011թ. հուլիսի 1-ին մերժել է բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ դիմումատուն պահանջել է 1,221,500  դրամ և 15,400 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանը կապ չի տեսել հայտնաբերված խախտման և ներկայացված նյութական վնասի միջև: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ դիմումատուն կրել ոչ նյութական վնաս, որը չի փոխհատուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս