Ովքե՞ր են խտրականություն քարոզում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սահմանադրության նախագծի 29-րդ հոդվածում գրված է. «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Կասեք` գործող կամ ապագա Սահմանադրության այդ ո՞ր մի հոդվածն է գործում, որ այս մեկը գործի: Իհարկե, ճիշտ եք: Բայց նման հոդվածների հիմքում դրված է մի ամբողջ արժեքային համակարգ, որը մենք կա՛մ ընդունում ենք, կա՛մ մերժում: Այս հարցում, կարծես թե, իրավունք ունենք պնդելու, որ գործ ունենք ոչ միայն պետական մարմինների ապօրինությունների, այլեւ հասարակության` այդ հոդվածին հակասող հոգեբանության հետ: Ի՞նչ է, ի վերջո, նշանակում խտրականության արգելքը:

Ինձ թվում է՝ շատ պարզ բան. եթե դուք, ասենք, հայ եք, քրիստոնյա եւ ՀՀԿ-անդամ, ապա ոչնչով ավելի կամ պակաս չեք, քան, ենթադրենք, եզդին, արեւապաշտը եւ ՀԱԿ անդամը:

Եթե մեկը նստած է աթոռին եւ համակարգչով տեքստ է գրում, նա ոչ մի առավելություն չունի այն մարդու նկատմամբ, որը համակարգչին է մոտենում անվասայլակով: Եվ գործատուի համար էլ դա չպիտի նշանակություն ունենա՝ միայն թե տեքստը լավը լինի: Եթե ես պրոֆեսորի որդի եմ, դա դեռ չի նշանակում, որ հավաքարարի որդին ինձ ինչ-որ բանով զիջում է: Ովքե՞ր են խտրականություն քարոզում: Դա անում են նրանք, ովքեր ցանկանում են կաշկանդել մարդկանց միտքը, նրանց ազատությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս