«Հայաստանը շատ ավելի ազատ է Եվրոպական միության հետ հարաբերություններում». Ռիչարդ Կիրակոսյան
Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ
– Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել։ Ըստ Ձեզ` կա՞ն արդյոք երաշխիքներ, որ այս անգամ Հայաստանը կստորագրի նախատեսվող նոր փաստաթուղթը։
– Կարծում եմ, որ իրականում եթե մենք հետհայացք նետենք 2013թ. Ասոցացման համաձայնագրին, որը Հայաստանը վերջին պահին չստորագրեց, ապա սա այլ կոնտեքստ է, որում մենք տեսնում ենք քաղաքական կամքի այլ մակարդակ և՛ Երևանում, և՛ Բրյուսելում։ Ամենակարևորն այն է, որ ՌԴ իշխանությունն արդեն իսկ հստակեցրել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակի սևագիր տարբերակը որևէ կերպ չի խոչընդոտում կամ հակասում Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը։ Ես անկեղծորեն լիահույս եմ, որ այն բանակցությունները, որոնք մեկնարկելու են հաջորդ ամիս` դեկտեմբերին, կամփոփվեն ստորագրմամբ հաջորդ տարի։ Բայց սա փորձություն է ՀՀ իշխանությունների համար` երկրորդ շրջափուլում սպասելիքներն արդարացնելու տեսանկյունից։
– Եթե հիշում եք, Պուտինը ծրագրել էր ստեղծել քաղաքական պրոյեկտ Եվրասիական տնտեսական միության ներքո, բայց, ի վերջո, խնդիրների հետևանքով` պրոյեկտի անունը փոխվեց։ Հաշվի առնելով այս հավակնությունները, ըստ Ձեզ` որքանո՞վ է հնարավոր Հայաստանի իրական քաղաքական համագործակցությունը Եվրոպական Միության հետ, եթե Պուտինն իրականում այլ հավակնություններ ունի և գուցե ապագայում դրանք իրականացնի։
– Ես կասեի` հնարավոր է։ Եթե դիտարկենք Եվրասիական տնտեսական միության կերպարանափոխությունը, ապա կարևոր է հասկանալ, որ առանց Ուկրաինայի` այն շատ ավելի պակաս գրավիչ, պակաս արդյունավետ, Պուտինի համար պակաս քաղաքական դարձավ։ Սա միաժամանակ նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի ազատ դարձավ ԵՄ-ի հետ քաղաքական, որոշ տնտեսական հարցերում և ոլորտներում, որոնք ԵՏՄ-ից դուրս են մնացել, ասոցիացումը խորացնելու հարցում։ Ուստի սա բնական դիրքորոշում է։ ԵՄ-ն ամենաառաջին ներդրողն է Հայաստանում, ավելի շատ, քան Ռուսաստանը, ՀՀ կառավարության առաջին դոնորն է։ Այսինքն` սա բնական իրավիճակ է։ Հայաստանի որոշումն էր Ասոցացման համաձայնագիրը զոհաբերելը և միանալը ԵՏՄ-ին, ինչն անբնական քայլ էր, բայց սա ուղղում կամ ամենաքիչը սահմանափակում է նախորդիվ կայացված որոշման վնասները։
– Ըստ Ձեզ` նոր փաստաթղթի ստորագրումից հետո ինչպիսի՞ տեսք է ունենալու ՀՀ-ԵՄ համագործակցությունը։
– Անկեղծ ասած, վաղ է այդ մասին խոսելը, քանի որ մենք չենք տեսել փաստաթուղթը, բայց պետք է ասել, որ այն ավելի փոքրամասշտաբ է լինելու, քան Ասոցացման համաձայնագիրն առանց տնտեսական բաղադրիչի, բայց հնարավոր է, որ ավելի շատ ուշադրություն լինի թույլ ոլորտներին` ինստիտուցիոնալ կառավարմանը, կոռուպցիային։ Հետաքրքրական է նաև բանակցությունների անցկացման ժամանակի ընտրությունը։ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում, կառավարման համակարգի անցումը խորհրդարանականին կարող է այս Ասոցացման համաձայնագիրը դարձնել շատ ավելի կարևոր և արդյունավետ։
– ԱլԳ-ն ինչպիսի՞ն կլինի այսուհետ։
– ԱլԳ-ն, ինչպես գիտենք, ցավոք սրտի, ձախողվեց ամբողջությամբ։ Այն բաժանվեց երկրների երկու խմբի` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս` առանց Ասոցացման համաձայնագրի, և Մոլդավա, Ուկրաինա և Վրաստան, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիր։ Ուշագրավ է, որ այս վերականգնումը, փորձը` վերագրավել ԵՄ-ի վստահությունը, Հայաստան-ԵՄ նոր հարաբերություններն օգնում են պահպանել ԱլԳ-ն։