«Եթե Ադրբեջանին սիրաշահելու Ռուսաստանի տակտիկան երկար շարունակվի, կարող է վերածվել ռազմավարության». Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին՝ դրանք նախ որակեց՝ որպես չընտրություններ, և նշեց, որ նույնիսկ միջազգային եվրոպական կառույցները մերժեցին դիտորդներ ուղարկել՝ ասելով, որ այդտեղ արդեն որևէ դրական ակնկալիք, որ ժողովրդավարության ինչ-որ նշույլ կլինի, չկա. «Եղան որոշ արևմտյան քաղաքական գործիչներ, որոնք գնացին, բայց պարզ է, որ նրանց մեծ մասը բավական կուշտ է վերադառնում (խավիարով և այլնով), և, եթե արել են ինչ-որ հայտարարություններ (հատկապես՝ գործող կամ նախկին պատգամավորներ՝ նույնիսկ Միացյալ Նահանգներից), պարզ է, որ Ադրբեջանի իշխանությունների խոսնակի դերն են կատարում»:

Խոսելով Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններից, բանախոսը նշեց, որ Ռուսաստանի պահվածքը սկզբունքային չէ. «Ռուսաստանը պարզապես փորձում է սիրաշահել Ադրբեջանին, ինչը միշտ էլ անելու է, բայց դա չի կարելի դիտել՝ որպես ռազմավարության փոփոխություն։ Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է, և ակնկալելու ու պահանջելու ենք, որ նա այդպես պահի իրեն: Սա չի նշանակում, որ հանգիստ պետք է գնանք-քնենք, բայց նշանակում է, որ պետք չէ բոլոր քայլերի մեջ անպայման մեծ վտանգներ տեսնել: Սակայն Ադրբեջանին սիրաշահելու Ռուսաստանի տակտիկան եթե երկար շարունակվի, կարող է վերածվել ռազմավարության, ինչը մտահոգիչ կդառնա»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս