Գնդապետը հուշեր է գրում, կամ 27-ի գործով մեղադրյալներին չեն խոշտանգել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի կապակցությամբ կրկին հիշվեցին մանրամասներ, անպատասխան մնացած հարցեր։ Դրանց վերաբերյալ զրուցեցինք կալանավայրերի վարչության նախկին պետ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանի հետ, որը 1994-ից զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2001-ից ՔԿՎ պետն էր։

– Պարոն Հովհաննիսյան, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով գլխավոր մեղադրյալները փոխեցին իրենց նախնական ցուցմունքները, հայտարարեցին, որ նախագահի այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Ալ․ Հարությունյանը, Մուշեղ Մովսիսյանը, եւս մի երկու անձ կապ չունեն այս հանցագործության հետ, եւ որ իրենք սուտ ցուցմունքներ են տվել ճնշումների եւ խոշտանգումների ներքո։

– Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մեկի նկատմամբ խոշտանգումներ եւ ճնշումներ չեն կիրառվել։ Խոսքերս սին չերեւալու համար հիմնավորեմ, որ այդ ողջ ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական մասնաճյուղի անդամները գրեթե ամեն օր հանդիպել են ոճրագործներին, շատ հաճախ՝ նաեւ մեկուսի։ Բացի դա, ՀՀ գլխավոր դատախազությունը եթե նման փաստ արձանագրեր, ապա անպայման մեղավոր աշխատակիցները կենթարկվեին քրեական պատասխանատվության։ Իսկ ինչպես մենք գիտենք, խոշտանգումների պահով հարուցված քրեական գործը կարճվել է նման դեպքեր չհայտնաբերելու պատճառով: Ես անձամբ վստահ եմ, որ խոշտանգումներ եւ ճնշումներ չեն եղել, այդ ամենը մտացածին է, արհեստածին։

– Այդ դեպքում ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց ցուցմունքները, ո՞րն է Ձեր վարկածը։

– Այդ հարցն ինձ վերաբերելի չէ, եւ չեմ պատասխանի։ Թող հարցնեն դրանց` գուցե ասեն:

– 27-ի գործով դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանն է պարբերաբար ինչ-որ անձանց միջոցով մեսիջներ ուղարկում, որ տվյալներ ունի հաղորդելու, մասնավորապես կասի, թե ով է կրակել Արմենակ Արմենակյանի վրա։ Դուք, որպես դատապարտյալի հոգեբանության գիտակ, ինչպե՞ս կգնահատեք սա։

– Չի ցանկանում խոսել։ Հավանաբար, ինչ-որ բան են խոստացել նրան եւ չեն կատարել։ Դա է զգացնել տալիս։ Եթե ուզում է խոսի, թող խոսի, թող ասի, թե ով է եղել այդ օրը, իրենցից բացի, Ազգային ժողովում։

– Առհասարակ, ո՞վ էր մտնում եւ դուրս գալիս այն խցերը, որտեղ պահվում էին ահաբեկիչները, ովքե՞ր էին նրանց հետ կալանք կրում։

– Թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել, դրանք դեռեւս գաղտնիություն են պարունակում:

– Ասում եք, խոշտանգումներ մեկուսարանում չեն եղել։ «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, լրագրող Նաիրի Բադալյանի մասին ի՞նչ կասեք։ Նա բազմիցս բողոքել է իր ապօրինի ձերբակալության, խոշտանգումների ենթարկվելու մասին, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի հետ իր անունը կապելու համար եւ 10 մլն․ ԱՄՆ դոլարի փոխհատուցում է պահանջել Եվրադատարանից։

– Նրան չեն խոշտանգել, նա ինքը խցի համակեցության կանոնները չի պահպանել եւ խցակիցների կողմից է վատ վերաբերմունքի արժանացել։ Դրա համար էլ Նաիրի Բադալյանը մեկուսարանում անցկացրած մի քանի ամսվա ընթացքում 10 խուց է փոխել։

– Հիմա ինչո՞վ եք զբաղվում, պարոն Հովհաննիսյան։

– Ես արդեն երկու տարի է՝ գրում եմ իմ հիշողությունները հետաքրքիր դեպքերի վերաբերյալ` սկսած 1990թ. մայիսի 27-ից, երբ Երեւանի կայարանում ՀՀՇ-ականների եւ ռուս սահմանապահների միջեւ ընդհարում եղավ, որի արդյունքում զոհվեցին վեց երիտասարդներ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս