«Առաջին Հանրապետությունը չլիներ՝ դու ի՞նչ էիր կառավարելու». Արմեն Ռուստամյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Առավոտ»
Դուք է՞լ եք կարծում, որ մարդիկ ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն, եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք մեկնաբանում Հրանտ Բագրատյանր այն քննադատաթյունը, որ 1918-1920թ. դուք հանրապետությունից բան չեք թողել։ «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ուղղակի ինձ ապշեցնում է, որ այդ կալիբրի անձնավորությունը կարող է այդ աստիճանի չհարգել իր իսկ սեփական պատմությունը։ Սա Դաշնակցության պատմությունը չի, չէ՞։ 1918-20 թվականը ողջ ժողովրդի պատմությունն է, էդքանը մարդիկ չեն հասկացել։ Ես չեմ էլ պատկերացնում մի ազգային պատկանելություն ունեցող անհատ, որ այդքան չսիրի իր անցած կենսագրությունն ու պատմությունը, ինչքան ոմանք դա դրսեւորում են։ Սա է իմ ամենամեծ ցավը։ Այսքան վատաբանել, փնովել մեր անցյալը, մեր կենսագրությունը ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Որեւէ լուրջ, իրեն հարգող ազգի ներկայացուցիչ այսպիսի բան երբեք իրեն թույլ չի տա։ Ո՞ւմ օգտին է այդ ամեն ինչը, ինչ ինքն ասում է։ Դրա համար իրեն մի շատ պարզ հարց տվեցին՝ Առաջին Հանրապետությունը չլիներ՝ դու ի՞նչ էիր կառավարելու։ Դու ի՞նչն էիր կառավարելու, որ Դաշնակցությունը այդպես ամեն ինչ փլուզել է, կործանել է։
Դաշնակցությունը զրոյից բան է ստեղծել։ Դաշնակցությունը եկել է՝ պետություն չի եղել, ոչինչ չի եղել։ Դուք եկել եք՝ պետություն կար արդեն։ Էդ պետությունն ո՞վ է ստեղծել, ՀՀՇ չկար էն ժամանակ, ինքն էլ չկար։ Ստեղծել է Դաշնակցությունը։ Բա ամոթ է, չէ՞, էս հարցերը անընդհատ աղավաղել, այդ ձեւով սերունդ դաստիարակել, ո՞ւմ է պետք այդ մոտեցումը։ Մենք դրանով լավությո՞ւն ենք անում մեր սերնդին, ազգային գաղափարախոսություն ու ազգային դաստիարակությո՞ւն են տալիս։ Հետո ասում ենք՝ ինչի են թողնում գնամ էս երկրից, ինչի են ուրիշի պետություններն ընդունում, մերը չեն ընդունում։ Սա ամենամեծ անարգանքն է պետականության հանդեպ, այ, սրա մասին պետք է իրենք մտածեն։ Դրա համար այդձեւինները, այո՛, պիտի Դաշնակցության ոտքերը լվան՝ ջուրը խմեն։ Դաշնակցությանը չլիներ՝ էս պետությունը չէր լինի։ Սա փաստ է՝ որքան էլ ուզում են եւ ինչ ձեւ ուզում են աղավաղեն, արդյունքը դա է, չէ՞։ Եթե մտնեն դետալների մեջ, թե 18 թվին ով ինչ արեց՝ թող մի հատ հլը Արամ Մանուկյանի նման մարդ ցույց տան, որ իրենց մոտ եղել է, Քաջազնունու նման մարդ ցույց տան, Սիմոն Վրացյանի նման մարդ ցույց տան, Ավետիս Ահարոնյանի նման ցույց տան։ Այսպես կարող եմ շարունակել՝ Հովհաննես Թամանյան, Վահան Տերյան, Լեւոն Շանթ եւ այլն։ Տե՛ս ինչի մասին է խոսք գնում. Դաշնակցական, դրա կեսի կեսը ունե՞ն, որ խոսում են, ամոթ է, չէ՞»։
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Հրանտ Բագրատյանը կասկած հայտնեց, որ սրանով Ղարաբաղի հարցն են լուծում. «Փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկության լինի, որովհհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու։ Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում՝ գոհ ենք, ԱՍՆ- ն էլ, Եվրոպան էլ»։ Արմեն Ռոատամյանը պատասխանեց. «Ընդհակառակը՝ երբ որ մի հոգու վրա է մնում, շատ ավելի դժվար է պաշտպանել Ղարաբաղի հարցը դրսում, որովհետեւ ճնշումը, ասում են, փոքր ծավալի վրա շատ ավելի մեծ է, քան մեծ ծավալի վրա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: