Բաժիններ՝

Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիրը Եվգենի Կասպերսկին է

Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիրը «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է: Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսի ընթացում: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները տարածաշրջանային կենտրոն դառնալու համար. «Այն բազմաթիվ քայլերը, որ մենք ձեռնարկում ենք երկրի ՏՏ ոլորտի խթանման համար, տալիս են իրենց արդյունքները, և մենք արդեն տեսնում ենք այս ոլորտի նկատելի աճը մեր երկրում»,- ասաց Վիգեն Սարգսյանը, ով ոլորտի զարգացման գործում հստակ կարևորում է նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության դերը:

Vigen Sargsyan, Ralph Yirikian and Hovik Musaelyan gave a press conference dedicated to the Presidential Award

Vigen Sargsyan, Ralph Yirikian and Hovik Musaelyan gave a press conference dedicated to the Presidential Award

Կարդացեք նաև

Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի դիտարկմամբ՝ մրցանակը համաշխարհային լավագույն փորձը մեր երկրում ներկայացնելու և աշխարհին մեր մասնագետների աշխատանքը հասանելի դարձնելու հայաստանյան փորձն է: Բանախոսը նշում է, որ մրցանակաբաշխության հիմքում կարևորվել է մրցանակակրի Հայաստան ժամանման գործոնը. «Այս տարվա դափնեկիրը բավական ճանաչված և ընդունված է Հայաստանում: Մեր երկրում այսօր գործում են Կասպերսկու լաբորատորիաները: Նա մեծ հպարտությամբ ընդունեց այս լուրը՝ հայտնելով, որ բարձր է գնահատում մրցանակը, և իր համար մեծ պատիվ է՝ ընդգրկվել այն աշխարհահռչակ տեխնոլոգիական հսկաների շարքում, ովքեր արդեն եղել են դափնեկիրների ցուցակում»:

Հիշեցնենք, որ դափնեկիրներն են եղել աշխարհահռչակ «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, աշխարհահռչակ Սթիվ Վոզնյակը, «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլան:

Ասուլիսի մասնակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ այս մրցանակը փոխադարձ հնարավորություն է ՏՏ մասնագետների համար՝ ի ցույց դնելու այս ոլորտում իրենց ունեցած գիտելիքներն ու ներուժը: «Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները տարածաշրջանային կենտրոն դառնալու համար: Հետևաբար՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից»,- ասաց նա:

168.am-ի հարցին, թե «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը մշտապես շեշտում է այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում միայն Հայաստանում կա նմանօրինակ գլոբալ մրցանակ, մինչդեռ ԱՄՆ-ը կարող էր դա ունենալ, հատկապես, երբ այնտեղ են կենտրոնացված ՏՏ ոլորտի լեգենդները, ամենախոշոր ընկերություններն ու, ի վերջո՝ «Սիլիկոնային հովիտը», և, եթե, օրինակ, Ադրբեջանը մի օր որոշի նման գլոբալ մրցանակ հիմնել, հաշվի առնելով այդ երկրի նավթադոլարները՝ մրցանակը հսկայական ֆոնդ ունենա, արդյո՞ք մենք չենք հայտնվի անհավասար պայմաններում, քանի որ մենք չունենք դրամային ֆոնդ, պարոն Մուսայելյանը պատասխանեց.

«ԱՄՆ-ում կա Նախագահի մրցանակ, որ կոչվում է «Ազգային մեդալ տեխնոլոգիաների և ինովացիաների ոլորտում», և որը տրվում է միայն ամերիկացի գիտնականներին: Նախկին մրցանակակիրներ Ֆեդերիկո Ֆաջինը և Սթիվ Վոզնյակն արժանացել են ԱՄՆ նախագահի մրցանակներին, սակայն, որքանով ինձ հայտնի է՝ ԱՄՆ-ը չունի միջազգային ճանաչում ունեցող նման մրցանակ: Կան մրցանակներ, որոնք շնորհվում են երկրների նախագահների կողմից, որոնք մրցանակակիրներին ուղարկվում են այլ տարբերակով: Մենք ընտրեցինք այլ ճանապարհ, այն է՝ որպեսզի մրցանակակիրներն անպայման Հայաստան գան՝ անձամբ իրենց մրցանակը ստանալու: Մեր նպատակը հենց այդ մարդկանց Հայաստանի հետ կապելն էր»:

Vigen Sargsyan, Ralph Yirikian and Hovik Musaelyan gave a press conference dedicated to the Presidential Award

Vigen Sargsyan, Ralph Yirikian and Hovik Musaelyan gave a press conference dedicated to the Presidential Award

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շարունակելով բանախոսի միտքը՝ հավելեց, որ Նոբելյան միցանակակիրների մի զգալի մասն ԱՄՆ-ից է, և, այնուամենայնիվ, նման մրցանակ այդ երկրում չկա: «Դա ավանդույթի ուժ է, նպատակահարմարության և այլ գործոնների համադրման արդյունք է, և մենք պետք է աշխատենք մեր մրցանակի զարգացման վրա»,- ասաց նա: Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց. «Ինչ վերաբերում է ցանկացած այլ երկրում նման մրցանակի հիմնադրմանը, ապա դա, մի կողմից՝ կարող է մտահոգիչ լինել, սակայն, մյուս կողմից՝ մրցակցություն, և մենք ստիպված կլինենք մտածել մեր մրցանակի արդյունավետության մասին՝ ապահովելու համար առավել բարձր պայմաններ: Չեմ կարծում, որ այդ մրցանակակիրների համար, որոնց մասին մենք այժմ խոսում ենք, դրամական պարգևը մեծ նշանակություն ունենա:

Իրենց համար սկզբունքային է ստանալ այս կամ այն մրցանակը տվյալ երկրի նախագահի ձեռքից՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, որոնք այս պահին չէի ցանկանա մանրամասնել»: Հովիկ Մուսայելյանը հավելեց, որ այն մարդկանց համար, ովքեր հավակնում են այդ մրցանակին, դրամական պարգևն էական նշանակություն չունի. «Եթե Ադրբեջանի նախագահը նման մրցանակ հիմնի, ասենք՝ մոտ 10-15 մլն դոլար արժողությամբ, ապա դա անիմաստ գործարք կլինի, և ո՛չ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ տարածաշրջանի այլ երկրների համար, քանի որ այդ երկիրը, նախևառաջ՝ պետք է այս ոլորտում զարգացած ավանդույթներ ունենա»:

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված Մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:

Տեղեկացնենք, որ Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիր «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին եռօրյա այցով Հայաստան կժամանի նոյեմբերի 16-18-ը՝ տիկնոջ և անձնակազմի 5 անդամների հետ՝ սեփական օդանավով:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս