«Թուրքիա-Արևմուտք կարգավորումը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա». «Հյուրիեթի» խմբագիր

168.am-ի զրուցակիցն է թուրքական «Հյուրիեթ» ընդդիմադիր թերթի և թուրքական հեղինակավոր անգլալեզու կայքի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Սերկան Դեմիրթաշը:

– Պարոն Դեմիրթաշ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերականգնեց հունիս ամսին կորցրած իր մեծամասնությունը: Նախորդ ընտրություններից հետո թուրք և միջազգային փորձագետները պնդում էին, թե ընտրությունները կուսակցության տապալումն են, և ոչ՝ հաղթանակը, քանի որ կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ձեռք չէր բերել: Ինչպե՞ս Էրդողանն ու Դավութօղլուն, ըստ Ձեզ, կարողացան ետ վերադարձնել իրենց մեծամասնությունն այս հինգ ամիսների անկայունությունից հետո:

Նախագահ Էրդողանի և ԱԶԿ հաջողությունը պայմանավորված է հենց այն փաստով, որ ընտրություններն անցկացվեցին չափազանց արտակարգ անվտանգության և քաղաքական պայմանների առկայության ներքո: Բռնության ալիքը, որն աննախադեպ արյունահեղության պատճառ դարձավ արևելյան և հարավարևելյան Անատոլիայում, ինչպես նաև՝ բազմամարդ քաղաքներն «աշխատեցին» ԱԶԿ-ի օգտին, ով խոստացել է պայքարել ամեն տեսակի ահաբեկչության դեմ: Սա մի շրջան էր, երբ «Իսլամական պետությունը» Թուրքիայում երկու ինքնակործանիչ պայթյուն կազմակերպեց, որը վախի մթնոլորտ սերմանեց թուրք ժողովրդի շրջանում:

Հավասարապես կարևոր է նաև այն փաստը, որ թուրքական հանրությունն այդքան էլ չի սիրում անկայունությունը և նախընտրում է տեսնել կայուն և ուժեղ առաջնորդներ կառավարությունում: Այս հնգամսյա փուլն այնքան շատ անկայունությունների ականատեսը դարձրեց տարբեր ոլորտներում, ինչպիսին անվտանգությունն է և տնտեսությունը, ինչը հանգեցրեց այն մարդկանց որոշման փոփոխությանը, ովքեր հունիսին քվեարկել էին ոչ ԱԶԿ-ի օգտին: Ընդդիմադիր կուսակցությունների ոչ տեղին քաղաքականությունը ևս ազդեցություն ունեցավ արդյունքների վրա և ավելացրեց ԱԶԿ-ի ձայները:

Կարդացեք նաև

– Այս հաղթանակը միանշանակ կոնսոլիդացնելու է Էրդողանի իշխանությունն ու ավտորիտարիզմը: Ի՞նչ եք ակնկալում Էրդողանի տեղական քաղաքականությունից, հաշվի առնելով նաև այն, որ մինչ այս ընտրությունները երկրում նկատվում էին բռնաճնշումների նշաններ:

– Թուրքիայի ցածր ցուցանիշները խոսքի, հավաքների և այլ հիմնարար ժողովրդավարական իրավունքների ազատության ոլորտում՝ ակնհայտորեն անհանգստության առարկա է: Կասկած չկա, որ Էրդողանը կվայելի հարմարավետ նախագահական շրջան Դավութօղլուի կառավարության հետ՝ մինչ 2019թ.: Նրանց առաջնահերթություններից մեկը կլինի Սահմանադրությունը փոխելն ու նախագահական կառավարման համակարգ ընդունելը, որով Էրդողանին ավելի շատ գործադիր իշխանություն կտրվի: Այնուամենայնիվ, դեռ շատ վաղ է այս մասին խոսելը, քանի որ նրանք ամենաքիչը ևս 13 պատգամավորի աջակցության կարիք են ունենալու այլ կուսակցություններից, իրենց սահմանադրական փոփոխությունների համար (սահմանադրական փոփոխություն հնարավոր է միայն 367 պատգամավորի աջակցության դեպքում: Բայց եթե կուսակցությունը կարողանա ստանալ 330 օրենսդիրի աջակցություն, ապա կարող է բարեփոխումը հասցնել մինչև հանրաքվեի):

Անորոշությունն այս հարցում այն է, թե իրականում ԱԶԿ-ի առաջարկած նախագահական համակարգն ինչպիսի տեսք է ունենալու: Էրդողանը ոգևորված չէ հաշվետվողական մեխանիզմների առկայությունից: Եթե նոր մոդելն ունենա նման ավելի թույլ մեխանիզմներ, ապա կարելի է դա որակել՝ որպես ավտորիտարիզմի մեկ այլ տարբերակ: Բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է:

– Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Այնուամենայնիվ, հետաքրքրական է քննարկել, թե ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում, եթե այս դաշտում այլընտրանքային կարծիք ունեցող ուժերը չեն ստացել զգալի ձայներ ընտրությունների արդյունքում:

– Երկու ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում երկու կարևոր արտաքին քաղաքական փոփոխություն տեղի ունեցավ: Մեկը` Սիրիայում: Թուրքիան ցույց տվեց ԻՊ-ի դեմ ակտիվորեն պայքարելու իր պատրաստակամությունն ԱՄՆ-ի հետ հուլիս ամսին կնքված գործարքից հետո: Ներկայումս ևս Թուրքիան ակտիվորեն մասնակցում է սիրիական ճգնաժամին վերջ դնելու համար տարբերակ փնտրելու առաջատար երկրների բանակցություններին: Թուրքիայի դիրքորոշումը Վիեննայում ապացուցեց, որ Թուրքիան գուցե համաձայնի Ասադի ժամանակավոր կառավարմանը:

Այնուամենայնիվ, մենք այս նոր շրջանում կտեսնենք ավելի ակտիվ շփումներ ԵՄ-ի հետ: Ներգաղթյալների ճգնաժամի վերաբերյալ ԵՄ-ի հետ կնքված գործարքն Անկարայի և Բրյուսելի միջև երկխոսության նոր էջ է բացել: Էրդողանն այդքան էլ երջանիկ չէ միջազգային համայնքի առջև նսեմացած իր իմիջի համար, և նա կօգտագործի բոլոր միջոցները՝ դա փոխելու համար: Կարծում եմ, որ առաջին փորձերից մեկը կլինի նոյեմբերի կեսերին Թուրքիայում կայանալիք G20-ի (Մեծ Քսանյակ) գագաթաժողովի ժամանակ:

– Հաշվի առնելով Ձեր նախորդ դիտարկումը Թուրքիա-ԵՄ ակտիվացող շփումների մասին, ի՞նչ կարելի է ակնկալել հայկական հարցում, թեև ենթադրելի է, որ ոչինչ մոտ ապագայում տեղի չի ունենա: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները` հնարավո՞ր է, որ Էրդողանը մեղմացնի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ գործոններ են ձևավորում հայ-թուրքական հարաբերությունները:

– Կարծում եմ, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացն իր անկախ հիմքն ունի: Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն Արևմուտքի հետ կունենա դրական ազդեցություն Հայաստանի հետ կապերի վրա, բայց սահմանների բացման և դիվանագիտական հարաբերություններ սկսելու հարցը մեծապես կախված է դեռևս ԼՂ հակամարտությունից: Այս հարցում, ամեն դեպքում, ըստ իս, դեռ վաղ է դատողություններ անելը:

Տեսանյութեր

Լրահոս