«Էրդողանը զգաց թուրք հասարակության զարկերակը և պատմական հաղթանակ գրանցեց». Արա Գոչունյան
Ընդամենը 5 ամիս առաջ` հունիսի 7-ին, Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակ-պարտությունից հետո նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վճռորոշ մեծամասնություն է ստանում խորհրդարանում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը ստացել է ձայների 49.4%-ը, ինչը ենթադրում է, որ կուսակցուըթյունը կստանա խորհրդարանի 550 պատգամավորական տեղերից 315-ը:
Երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի վերածելու Էրդողանի ցանկության իրականացման համար նրան խորհրդարանում անհրաժեշտ էր 367 տեղ, սակայն, ըստ թուրքական մամուլի, 330 տեղն էլ բավարար կլինի, որպեսզի իշխող կուսակցությունը «կազմակերպի» հանրաքվեի հարցը:
168.am-ի հետ զրույցոում Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանն ասաց, որ պատմական ձևով Թուրքիայի ներքաղաքական օրակարգի բազում հարցականները կրճատվեցին իշխող կուսակցության համոզիչ հաղթանակով, ավելին ԱԶԿ-ն 13 տարիների իր միահեծան իշխանության ճանապարհորդության նոր սկիզբը դրեց:
«Ընտրություններից անմիջապես հետո վարչապետ Դավութօղլուն կոչ արեց հասարակությանը մի կողմ թողնել ամեն տեսակի բևեռացումը, քաղաքականությունը վերադարձնել բնականոն հուն ու շարունակել երկրի երթը: Դժվարանում ենք միանշանակ արտահայտվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, առավել ևս խորհրդարանականից կտրուկ նախագահական կամ կիսանախագահական անցնելու իմաստով, քանի որ այս խնդիրը վերջին շրջանում բավականին լայն լարվածություն առաջացրեց Թուրքիայի քաղաքական կյանքում և երբ նոր սկիզբ է դրվում, ակնկալիքները ավելի լիցքաթափման ուղղությամբ են ընթանում, դժվար թե անմիջականորեն վերընտրյալ ղեկավարությունը հետամուտ լինի այդ գործին, թեև սահմանադրության փոփոխությունները չեն բացառում երկրի ժողովրդավարական բարեփոխումները և հիմնարար ազատությունների երաշխիքները խորացնելու իմաստով:
Հետևաբար՝ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ իրենց քաղաքական կամքը պահպանում են, խորհրդարանի մյուս քաղաքական ուժերը այս ուղղությամբ կոչ են ուղղել, բայց որպես այդպիսին զուտ նախագահական համակարգին անցնելու իմաստով մի փոքր պետք է համբերել»,- մեկնաբանեց Արա Գոչունյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա ասաց, թե էական փոփոխություններ դժվար է սպասել: «Թուրքիան շատ բարդ և ապագայում անկայուն տարածաշրջանում է` հրով և սրով շրջապատված, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի վրա, Թուրքիայի տարաձայնություններն իր արևմտյան դաշնակիցների հետ որոշ չափով պայմանավորված էին այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:
Հետևաբար՝ իշխանությունը հնարավորություն կունենա ամուր ժողովրդական հենարաններով գործելու և ավելի վճռական, արմատական տրամադրություններով առաջնորդվելու այս արտաքին քաղաքական հրատապ խնդիրների կապակցությամբ: Նայած՝ ինչպիսին կլինի տարածաշրջանի իրավիճակը, Թուրքիան պետք է ջանա դրական մասնակցություն բերել՝ միևնույն ժամանակ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելով»,- նման տեսակետ հայտնեց Թուրքիայում բնակվող հայ խմբագիրը:
Հարցին, թե ինչպե՞ս իշխող ԱԶԿ-ն 5 անկայուն ամիսների ընթացքում կարողացավ վճռորոշ մեծամասնության հասնել խորհրդարանում, նա պատասխանեց, որ հասարակությունը հնարավորություն ունեցավ այդ ընթացքում ստեղծված մոտավոր համայնապատկերի ֆոնին կողմնորոշվելու և ևս մեկ անգամ հասկանալու, թե իսկապես ձգտածը և ցանկացածն ինչ է: «ԱԶԿ ղեկավարության բարձր արհեստավարժությունը հասարակության զարկերակը զգաց և արդյունքում ստեղծվեց մի քաղաքական համայնապատկեր, որտեղ այդ կուսակցությունը միանշանակ առաջատար դարձավ»,- ասաց Գոչունյանը: